Իրանի ԱԳՆ․ Խաղաղ բնակիչների դեմ ԱՄՆ-ի հարվածների հանդեպ աշխարհի լռությունը չի կարելի չեզոքություն համարել

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ կառավարություններն ու միջազգային կազմակերպությունները, որոնք լռության են մատնում ԱՄՆ-ի հարվածները խաղաղ բնակիչների դեմ կամ փորձում են դրանք արդարացնել, չպետք է իրենց լռությունը չեզոք դիրքորոշում համարեն, հայտնում է Mehr-ը։

«Նրանք, ովքեր լռում են խաղաղ բնակիչների վրա հարձակումների մասին կամ փորձում են դրանք արդարացնել, չպետք է իրենց լռությունը չեզոքություն համարեն»,- հայտարարել է Բաղային։

Նա այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Քուհեստակ քաղաքում գտնվող բնակելի տանը, որտեղ ընթանում էր հարսանեկան արարողություն։ Իրանական կողմի տվյալներով, հարձակման հետևանքով զոհվել է չորս խաղաղ բնակիչ, այդ թվում՝ չորս տարեկան մի երեխա, ևս ավելի քան 70 մարդ վիրավորվել է։

Բաղային նշել է, որ Քուհեստակի հարվածը ԱՄՆ-ի ավելի լայնածավալ հարձակումների շարքի մի մասն էր՝ Մինաբի, Լամերի, Քեշմ կղզու և Իրանի այլ շրջանների նկատմամբ։

ԱՄՆ-ն հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։ Միևնույն ժամանակ, ամերիկյան իշխանությունները հայտնել են հարսանիքի անցկացման վայրին հասցված հարվածի միջադեպի քննության մասին և հերքել քաղաքացիական օբյեկտները դիտավորյալ թիրախավորելու մտադրությունը։ Reuters-ի կողմից իրականացված մասնագետների վերլուծությունը ցույց է տալիս, որ պայթյունը, հավանաբար, եղել է ամերիկյան զինամթերքի ուղիղ հարվածի հետևանք։

News.am

Leave a comment