Նեպալի և Տիբեթի սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից 10 օր անց փրկարարական ծառայություններին հաջողվել է տարբեր գործողությունների արդյունքում փլատակների տակից ողջ դուրս բերել կնոջ և Չինաստանի քաղաքացի հանդիսացող տղամարդու։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները՝ նշելով, որ աղետի հետևանքով զոհերի թիվն անցնում է 1300-ից, իսկ ավելի քան 5000 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
Փրկված կնոջը հայտնաբերել են ցեխի ու փլատակների հաստ շերտով ծածկված իր տանը՝ Նուվակոտի շրջանում։ Նեպալի բանակի հրապարակած կադրերում երևում է, որ նա ամբողջությամբ պատված է եղել ցեխով․ տուժածին ուղղաթիռով անմիջապես տեղափոխել են մայրաքաղաք Կատմանդու։
Միաժամանակ Նեպալի վարչապետի աշխատակազմը հայտնել է «Տրիսուլի» հիդրոէլեկտրոկայանի 225 մետրանոց թունելից չինացի տղամարդու փրկության մասին։ Նա դարձել է երրորդ մարդը, ում հաջողվել է դուրս բերել այս օբյեկտից․ ուրբաթ օրը նույն վայրից փրկվել էր նաև նեպալցի երկու բանվոր։ Փրկարարական գործողությունն իրականացրել են Նեպալի զինվորականները՝ Հարավային Կորեայից ժամանած փորձագետների հետ համատեղ։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ երկրի 12 հիդրոէներգետիկ նախագծերում շուրջ 900 աշխատակից դեռ անհետ կորած է համարվում, որոնցից մոտ 500-ը, ըստ նախնական տվյալների, արգելափակված են թունելներում։ Հենց այս հատվածներում են կենտրոնացված փրկարարների հիմնական ուժերը։
Ռասուվա, Նուվակոտ, Դհադինգ, Գորկհա և Տանահուն շրջաններում մոլեգնած ջրհեղեղների պատճառը, ըստ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության, սառցադաշտի փլուզումն է եղել։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են նաև Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Կորեայից և ԱՄՆ-ից ժամանած մասնագիտացված թիմերը։