«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Սեպտեմբերի 5-ին «Երևան» երկաթուղային կայարանի շենքում մեկնարկել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը, որը մեկ հարկի տակ է համախմբել Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտը ներկայացնող ավելի քան 50 կազմակերպության։

Ցուցահանդեսի մասնակիցների թվում են հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներ, տրանսպորտային ոլորտի ընկերություններ, տուրօպերատորներ, սննդամթերքի արտադրողներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում տարբեր ծառայություններ մատուցող կազմակերպություններ։

Ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ոլորտի պրոֆեսիոնալներին ներկայացնել իրենց առաջարկները, ծանոթանալ զբոսաշրջության ոլորտի նոր միտումներին և ձևավորել նոր համագործակցություններ։ Միաժամանակ, այցելուները կարող են մեկ վայրում ծանոթանալ Հայաստանի և տարածաշրջանի ոլորտային առաջարկներին ու ծառայություններին։

Իր բացման խոսքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ընդգծել է նման նախաձեռնությունների կարևորությունը զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում։

«Ուրախ եմ ողջունել ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին մեր հարթակում։ Վստահ եմ, որ Tour EXPO-ն լավ հնարավորություն կլինի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների համար՝ հաստատելու նոր գործարար կապեր, փոխանակելու փորձը և իրենց ծառայությունները ներկայացնելու լայն հանրությանը։ Այցելուների համար էլ սա լավ հնարավորություն է ավելի մանրամասն ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին և ընտրելու ճանապարհորդության հետաքրքիր ուղղություններ»,- նշել է Ալեքսեյ Մելնիկովը։

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է։ Միջոցառման կազմակերպիչն է «Neo Concept» ընկերությունը, հովանավորը՝ Dilijan Inn հյուրանոցը, պաշտոնական գործընկերը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, իսկ տեղեկատվական գործընկերը՝ Զբոսաշրջության միավորված ֆեդերացիան։

Leave a comment