Երևանի Գոգոլի փողոցում իրավապահները ձերբակալել են 19 և 20 տարեկան երիտասարդների, որոնք կասկածվում են զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի հրազեն և սառը զենք կրելու մեջ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի երեկոյան, երբ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Գոգոլի փողոցում զինված անձանց մասնակցությամբ ընթացող վիճաբանության մասին։ Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեսնելով՝ միջադեպի մասնակիցները փորձել են դիմել փախուստի, սակայն ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ երեք երիտասարդ վնասազերծվել ու ձերբակալվել է։
Անձնական խուզարկությամբ ձերբակալվածներից 20-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են մարտական ատրճանակ և դանակ, իսկ 19-ամյա երիտասարդի մոտ՝ լիցքավորված ինքնաձիգ ու դանակ։
Զինված միջադեպի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։