Չինական Tashan Technology ընկերությունը հիմնադրել է ռոբոտների համար նախատեսված հատուկ «մանկապարտեզ»-ուսումնական կենտրոն։ Այստեղ սարքերը աշխատում են ոչ թե մարդկանց տված պատրաստի հրահանգներով, այլ ինքնուրույն փորձարկումների և սեփական սխալների միջոցով:
Հետազոտողների նպատակն է ստեղծել համակարգ, որտեղ ռոբոտները կարող են ինքնուրույն ուսումնասիրել շրջակա միջավայրը և դասեր քաղել անհաջողություններից։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս, որ սարքավորումները հարմարվեն անծանոթ պայմաններին նույնիսկ շահագործման ընթացքում՝ լուծելով խնդիրներ, որոնց համար նախապես ծրագրավորված չեն եղել։ Օրինակ՝ պատին բախվելիս ռոբոտը փոխում է շարժման ուղղությունը, և յուրաքանչյուր ձախողում վերածվում է ուսուցման արժեքավոր տվյալների։
Թեև այս եղանակով ուսուցումն ավելի երկար ժամանակ է պահանջում, մասնագետները վստահ են, որ արդյունքում կստանան առավել ճկուն և ինքնուրույն համակարգեր։ Երկարաժամկետ հեռանկարում ակնկալվում է, որ ռոբոտները կկարողանան նաև փոխանակվել միմյանց ձեռք բերած փորձով։