Սեպտեմբերի 2-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում շարունակվեց Հենրիկ Գասպարյանի, Սևակ Գոմցյանի, Կարապետ Մուրադյանի, Դավիթ Նիկողոսյանի, Արտակ Ադամյանի և միակ կին` Ռուբինա Չարչօղլյանի դեմ հարուցված ՀԿԴ/0059/01/26 քրեական գործով նախնական դատալսումները: Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության, 4,000,000 ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնական կեղծիք կատարելու համար: Հինգ մեղադրյալներն են, ըստ մեղադրական եզրակացության, կաշառք տվել։
Այս գործով միակ կինը՝ 3-րդ կարգի հաշմանդամ, միայնակ մայր՝ Ռուբինա Չարչօղլյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, եղբոր հետ նախնական համաձայնությամբ «խմբի կազմում», պաշտոնատար անձ հանդիսացող՝ Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի կողմից ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր օգտին հովանավորչության համար՝ նրան անձամբ տվել է կաշառք (ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետեր):
Տեղաշարժման խնդիրներ ունեցող այս կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։
Նախորդ դատական նիստից ուշացած, դատարան ավարտված նիստին ներկայացած Կարապետ Մուրադյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց։
Դատավոր Վահե Դոլմազյանը հրապարակեց գրություն այն մասին, որ օգոստոսի 4-ին Հենրիկ Գասպարյանն այցելել էր Նորք-Մարաշ բժշկական կենտրոն, հետազոտման, դատարանը, ճիշտ է, թույլատրել էր, սակայն առաջացել էր ուղեկցման խնդիր։ Տնային կալանքի տակ գտնվողի համար բուժհաստատությունում ամրագրում կար նոյեմբեր ամսվա համար, պաշտպանական կողմը խնդրել էր, կամ առանց ուղեկցման, կամ թե իրենց ուղեկցությամբ լինի։ Նրա խափանման միջոցի հարցը կքննվի հաջորդ նիստին։
Սևակ Գոմցյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի այս քրեական գործից մաս անջատվի։ Նա ասաց, որ իր պաշտպանյալն այլ գործով հարցաքննվել է, արտահայտել նույն դիրքորոշումը, բայց և անդրադարձավ ողջամիտ ժամկետին։ Ըստ նրա, որևէ մեկի շահը չի նսեմացվի, եթե անջատվի իրենց մասը, նաև անդրադարձավ ՍԴ որոշմանը ողջամիտ ժամկետի հետ կապված։
Մեղադրյալ Կարապետ Մուրադյանը (պաշտպան՝ Գուրգեն Հովհաննիսյան) ընդունել էր իրեն մեղսագրվածը, խնդրեց արագացված վարույթ։ Դատարանը մերժեց արագացված վարույթ կիրառելու նրա բանավոր միջնորդությունը։
Մեղադրողը միջնորդեց մի շարք ապացույցներ ներառել ցանկում, դրանց մեջ էին Հ. Գասպարյանի, Դ. Նիկողոսյանի, Ռ. Չարչօղլյանի նախաքննական ցուցմունքները, մի շարք վկաների, որոնց մեջ կան կադաստրի աշխատակիցներ, փորձագետներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ցուցմունքները, համայնքապետարանից, քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակից խուզարկությամբ առգրավված փաստաթղթերը, հեռախոսային գաղտնալսումների արձանագրությունները, թվային կրիչները… Մեր հաշվարկով դրանք երեսունից ավելի էին։
Դատարանին դիմեց մեղադրյալ Արտակ Ադամյանը, նա խնդրեց, որպեսզի դատական նիստերին չմասնակցի, ներկայությունն ապահոված է պաշտպանի միջոցով։ Դատարանը որոշեց հարգել խնդրանքը։ Ռուբինա Չարչօղլյանի պաշտպան Կարինե Խաչատրյանը նույնպես միջնորդեց առանց իր պաշտպանյալի մասնակցության նիստերը կայանան, դա նույնպես բավարարեց դատարանը, պարտավորեցնելով, որ երբ ծանուցվեն, նրանք ներկայանան դատարան։
Ռուբինա Չարչօղլյանը հայտնեց իրավական դիրքորոշում. ցուցմունք չի տալու, չի ընդունում իր մեղքը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 16-ին։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.09.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: