Քաղաքականություն
05.09.2026 | 11:59
Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր մեկնարկել է ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխության պատմությանը, դրա կազմակերպչական նրբություններին և այն առանցքային իրադարձություններին, որոնք կանխորոշեցին շարժման հաղթական ելքը։
Գրքում հեղինակն ամփոփել է իր հուշերն ու դիտարկումները՝ ներկայացնելով շարժման առաջին քայլերից մինչև վերջնական հաղթանակ ընկած ժամանակահատվածը։
Շնորհանդեսի ընթացքում և գրքի էջերում Արմեն Գրիգորյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարում այն իրադարձություններին, որոնք քայլ առ քայլ հանրության շրջանում վստահություն էին սերմանում, որ շարժումն ընթանում է դեպի հաղթական ավարտ։
Ըստ Գրիգորյանի՝ այդպիսի կարևոր դրվագներից մեկը Սերժ Սարգսյանի թոշակի համար կազմակերպված խորհրդանշական դրամահավաքն էր։ Հեղինակը հիշում է, թե ինչպես դրամահավաքի ակցիայից հետո տուն վերադառնալիս իր առաջին գործը եղել է հեռուստացույցով կամ համակարգչով Factor TV-ի ուղիղ հեռարձակմանը հետևելը՝ պարզելու համար, թե քանի հոգի է դիտում իրենց ակցիան․ «Ես նույնիսկ հիշում եմ, երբ որ վերադարձա տուն, առաջին բանը նայել եմ Factor TV-ով՝ քանի մարդ է դիտում մեր իվենթը։ Եվ եթե չեմ սխալվում, 17 000-ի մոտ էր։ Ինքս ինձ ասացի՝ հա՛, ինչ-որ գործընթաց է տեղի ունենում, և մարդկանց մոտ հետաքրքրություն կա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան