Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ հեռախոսազրույցում հաստատել է հայկական կողմի մասնակցությունն ԱՊՀ գագաթնաժողովին։ Այդ մասին հայտնել է թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» լրատվական ծրագիրը, գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստն անցնելու է հոկտեմբերին Թուրքմենստանում։
Ըստ աղբյուրի՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել ուրբաթ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ-ում Թուրքմենստանի նախագահության շրջանակում Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 9-ին «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում և Փաշինյանին հրավիրել է մասնակցելու հանդիպմանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ տարածաշրջանում կայուն զարգացման ամրապնդմանն ուղղված Թուրքմենստանի արտաքին քաղաքականությունը վայելում է համաշխարհային հանրության լայն աջակցությունը, ինչպես նաև ասել է, որ Հայաստանը ակտիվ մասնակցություն կունենա այս գագաթնաժողովին», – ասված է հաղորդագրության մեջ։
Բերդիմուհամեդովի հետ Փաշինյանի հեռախոսազրույցի մասին հայկական կողմի հաղորդագրության մեջ ԱՊՀ գագաթնաժողովին անդրադարձ չկա:
Ավելի վաղ Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հայտնել է, որ ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին։ Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է։