44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4,800 զոհ, ինչպես նաև Արցախում տարածքային զգալի կորուստներ։ Չեխիայի CEVRO համալսարան կատարած այցելության ընթացքում այս մասին հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։
Ելույթի ընթացքում նա անդրադարձել է նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիային։
«2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին հարձակվեցին Հայաստանի վրա, ըստ էության 200 քառակուսի կիլոմետր գրավեցին»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։
Իր ելույթում նա ընդգծել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի մարտահրավերներն ու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը հասցված վնասները։