Ռուսաստանն ամբողջովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով, հայտարարել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանն ամբողջովին շահագրգռված է ինքնիշխան, ուժեղ և ինքնաբավ Հայաստանով։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։
«Համոզված եմ, որ դրան արդյունավետորեն նպաստում է երկրի լիիրավ մասնակցությունը մեր համատեղ ինտեգրացիոն միավորումներին։ Որպես օրինակ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության 10 տարիների ընթացքում հայկական ՀՆԱ-ն աճել է 2,5 անգամ»,- ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը նույնպես զգում է աշխարհաքաղաքական տուրբուլենտության ազդեցությունը։ Այս բարդ պայմաններում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները թևակոխել են փոփոխվող իրողություններին հարմարվելու նոր փուլ։ Դիտարկվող մարտահրավերների հաղթահարումը երկու կողմերից պահանջում է երկարաժամկետ քաղաքական կամք և ռազմավարական իմաստնություն՝ երկկողմ փոխգործակցության կուտակված զանգվածը պահպանելու և բազմապատկելու համար։
«Հույս ունեմ, որ այս ուղղությամբ շարժմանը լրացուցիչ ազդակ հաղորդեց ՀՀ ԱԺ նախագահի՝ վերջերս կատարած այցը Մոսկվա»,- ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ անցյալ տարվա արդյունքները հաստատեցին, որ չնայած արտաքին ցնցումներին, Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական և ներդրումային գործընկերը, երկրի էներգետիկ և պարենային անվտանգության՝ ժամանակով փորձարկված երաշխավորը։ Ավանդաբար ակտիվ են եղել մշակութային-հումանիտար և միջանձնային շփումները։ Հատկանշական է, որ ռուսաստանցիները առաջատար են հայկական հող այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թվում։
«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունը մեզ ավանդված է նախնիների սերունդների կողմից, ձևավորվել է դարերի ընթացքում փառահեղ ընդհանուր հաղթանակներով և համատեղ ստեղծագործական աշխատանքով, զոդվել է սերտ միջանձնային կապերով։ Պահպանելու ենք այս ժառանգությունը և փոխանցելու ենք ապագա սերունդներին»,- եզրափակել է դեսպանը։