Դեսպան․ TRIPP-ի առաջին քարը կարող է դրվել արդեն 2027թ․ սկզբին – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

TRIPP նախագծի շինարարական աշխատանքները կարող են մեկնարկել արդեն 2027 թ․-ի սկզբին: Այս մասին ամերիկյան Semafor հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը:

«TRIPP նախագիծն առաջ է ընթանում։ Ակնկալվում է, որ այս տարվա վերջին կիրականացվի տեխնիկատնտեսական գնահատում: Իսկ առաջին քարի տեղադրումը հնարավոր է արդեն հաջորդ տարեսկզբին», – ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն ընդգծում է իր հավատարմությունը TRIPP նախագծին՝ միաժամանակ ձգտելով պահպանել կապերը Ռուսաստանի և Իրանի հետ:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Sputnik Արմենիա

Leave a comment