Կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանվել թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ. հանդիպում առցանց տաքսիների վարորդների հետ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովում տեղի ունեցավ հանդիպում թվային հարթակներով ուղևորափոխադրման ծառայություններ մատուցող վարորդների հետ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նիստին հրավիրված էին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, Աշխատանքի և բարեկեցության նախարարության ներկայացուցիչը։

Հանձնաժողովի նախագահը հանդիպման սկզբում ներկայացրեց Yandex Go-ի հետ վարորդների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով իրականացված մի շարք աշխատանքներ։ Մասնավորապես՝

  • Կարգավորվել են գնագոյացման հարցերը, սահմանափակվել է բազային գնից երեք անգամ աճը, եռամսակային կտրվածքով այն չի կարող գերազանցել դեպքերի ընդհանուր ծավալի 5 տոկոսը, իսկ 2 անգամից հետո ավելացող հատվածի մասով Yandex հարթակը միջնորդավճար չի գանձում՝ թողնելով ամբողջ գումարը վարորդին և տաքսոպարկին։
  • Սահմանվել են թույլատրելի մեքենաների արտադրության հստակ ժամկետներ։ «Ստարտ»-ի համար՝ մեքենայի արտադրության տարեթվից առնվազն 10 տարի, իսկ ավելի բարձր կատեգորիաների համար՝ 4 տարի երաշխավորված ժամկետ։
  • Մայրաքաղաքի 36 խաչմերուկներում, որտեղ կայանումն արգելվում է, հարթակը թույլ չի տալիս պատվեր կատարել։ Այն դեպքում, երբ կայանումը 1 րոպեից ավել արգելվում է, սպառողին ցուցադրվում է համապատասխան տեղեկատվություն։
  • «Բիզնես» կատեգորայում ավելացվել է «Ինքս կբացեմ դուռը» կոճակը, որը կանխում է ուղևորի և վարորդի մոտ տարընկալումների և հետևաբար ցածր գնահատականների առաջացման ռիսկը։ Գաղտնի գնորդով ստուգման ընթացքում դուռը չբացելու հանգամանքը հանվել է գնահատման ցանկից։
  • Գործարկվել է լոուքոստեր ծառայությունը, այս պահին կատարվում են տեխնիկական շտկումներ և հարթակի աշխատանքի մոնիթորինգ։
  • Յանդեքս պլյուս բաժանորդագրությունն ամբողջովին իրականացվում է ընկերության կողմից։ Վարորդները ստանում են հետվճար երթերի իրականացումից հետո։

Բացի այդ, մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հաբի ձևավորման աշխատանքները՝ ստեղծելով Յանդեքսի հետ ուղիղ աշխատելու հնարավորություն, քննարկման փուլում է 5000 դրամը գերազանցող պատվերների դեպքում միջնորդավճարի գանձման հարցը։

Հանդիպմանը ներկա վարորդները ներկայացրեցին իրենց դիտարկումներն առաձին հարցերի վերաբերյալ։

Գեղամ Գևորգյանը հորդորեց հանդիպման մասնակիցներին խախտումներ արձանագրելու դեպքում փաստերը ներկայացնել հանձնաժողով։

 Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment