Փաշինյան․ Ջրի շուկան պետք է ազատականացնել (PAN.am)

Հայաստանում գրեթե բոլոր բնակավայրերն ոռոգման ջրի հետ կապված էական և շոշափելի խնդիրներ ունենք, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովի ժամանակ:

Նա հայտարարել է նաև, որ ջրի շուկան պետք է ազատականացնել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Այսօր մենք ոռոգման ոլորտում գին ենք սահմանել, որի ուղիղ կեսը կառավարությունը սուբսիդավորում է, բայց հենց սահմանված գինը չի արտահայտում իրականությունը։ Կա նաև ուրիշ պրոբլեմ․ այսօր Հայաստանում կան տնտեսվարողներ և ներդրողներ, որոնք ասում են՝ «մենք վճարում ենք ջրի համար, վաճառեք մեզ ջուր»։ Թվում է, թե պարզ և տրամաբանական տնտեսական հարց է դրվում, բայց իրականում էս հնարավորությունները ՀՀ-ում սահմանափակ են առնվազն մեր ունեցած կանոնակարգերի պատճառով։ Պետք է ՀՀ-ում ի վիճակի լինենք ջրի շուկա ձևավորել»,- հայտարարել է վարչապետը։

Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում վարելահողերի, այգիների և տնկարկների միայն փոքր մասն է ոռոգման հասանելիություն ստացել։

Նրա խոսքով՝ սա է այն բարեփոխումը, որը ջրային ոլորտում մասնավոր ներդրումների խթան կհանդիսանա։ Ըստ նրա՝ եթե ձևավորվի համակարգ և լինի քաղաքական ուղերձ, որ կարող են ներդրումներ լինել ջրի ոլորտում, և ոռոգման ջուրը կարող է շուկայական հարաբերությունների առարկա լինել, սա կարող է էականորեն փոխել իրադրությունը։

Փաշինյանն ընդգծել է, որ սահմանված բոլոր նպատակների իրականացման համար պետք է ձևավորել ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ։

Leave a comment