Բելառուսի Պետստանդարտն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա անհամապատասխանության պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Արմավիրի մարզի «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրության «Երևան 2800» ութամյա կոնյակը ճանաչվել է վտանգավոր արտադրանք։
«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիա» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0,3 գ/դմ³, կազմել է 0,14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին հաղորդվել է որոշակի արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվան տակ ներկայացվում է»,- հայտնել են գերատեսչությունից։
Հաղորդվում է,որ արգելվել է ապրանքի իրացումը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև դադարեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։
Նշվում է, թե ավելի վաղ Բելառուսում նույն պատճառով արգելվել էր վրացական Sachukari Traditional կոնյակի վաճառքը, որի հայտարարված հնեցման ժամկետը վեց տարի էր։
Factor.am-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ինչպես «ՄԱՊ» ընկերությունից, այնպես էլ Սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Ընկերությունում մեր զանգերն անպատասխան թողեցին, իսկ տեսչական մարմնից խնդրեցին հայցվող տեղեկատվության վերաբերյալ հարցում ուղարկել։
Եվգենյա Համբարձումյան