Կարեն Խաչանովը մեկնաբանել է US Open-ում սենսացիոն հաղթանակը

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը՝ Կարեն Խաչանովը, թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության (US Open) երկրորդ շրջանում չորրորդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի նկատմամբ սենսացիոն հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով։

«Ես արագ ապաքինում եմ մաղթում նրան, եթե վնասվածք է ստացել։ Իմ կողմից կարող եմ ասել, որ ես փորձել եմ անել առավելագույնը։ Ես պայքարեցի և շատ ուրախ եմ այս հաղթանակի համար։

Վերջին ամիսը ինձ համար այդքան էլ հաջող չէր, այնպես որ մենք մարզվել ենք, և ես վստահ եմ, որ լավ մարզավիճակում եմ։ Ես կգամ լավ խաղալու մտածելակերպով և կփորձեմ քայլ առ քայլ առաջ գնալ»,- մրցախաղից հետո ասել է աշխարհի 50-րդ ռակետ Խաչանովը, հաղորդում է Championat.com-ը։

Ֆելիքս Օժե-Ալյասիմին Խաչանովը հաղթել էր չորս սեթում՝ 6:7 (5:7), 6:3, 6:2, 6:2։ Ռուսաստանցու հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 97-րդ ռակետ, ֆրանսիացի Բենժամեն Բոնզին։

Դավիթ Եղիազարյան

Leave a comment