Հասարակություն
04.09.2026 | 16:07
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը երկու դատախազի գործողություններում կարգապահական խախտումներ է արձանագրել։ Պարզվել է, որ նրանք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, որոշ դեպքերում քրեական հետապնդումներ չեն հարուցել և ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել։ Շիրակի մարզի դատախազության աշխատակիցը ստացել է «խիստ նկատողություն», իսկ Սյունիքի մարզի դատախազության աշխատակիցը՝ «նկատողություն»։
«2026 թվականի մայիսի 18-ին և հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Սյունիքի և Շիրակի մարզերի դատախազություններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:
Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ, քրեական վարույթով անձանց կողմից հանցանքի կատարումը վկայող փաստերի առկայության պայմաններում քրեական հետապնդումներ չեն հարուցել, ինչպես նաև ժամանակին դատախազական ակտեր չեն կայացրել:
Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումներով՝ Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։