Արտադրել առողջ սնունդ, վերհանել ազգային խոհանոցը, նպաստել տնտեսության զարգացմանը․ «Երեմյան»-ը նշում է հիմնադրման 20 ամյակը

Հյուրընկալության ոլորտում 15 մլն հյուր, 7 մլն զբոսաշրջիկ, 150-ից ավելի հեղինակային ուտեստներ, 28 մլն լիտր կաթի,  500 տոննա մսի արտադրություն, 86 հազար քառակուսի մետր գյուղատնտեսական շինության հիմնում, 1200 հեկտար հողի մշակում․․․ Այս եւ այլ տպավորիչ արդյունքներով 2026 թվականին Երեմյան ընկերությունների խումբը նշում է իր հիմնադրման 20 ամյակը։ Այս 20 տարիների ընթացքում ընկերությունը մեծածավալ գործունեություն է իրականացրել հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության բնագավառներում։ Ընկերությունն ամփոփում է անցած 20 տարիներն ու մեկնարկում հոբելյանական տարին։

Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, Մարքեթինգի եւ հասարակայնության հետ դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը ներկայացրեց ընկերության գործունեության, նպատակների, առաքելության ու ձեռքբերումների վերաբերյալ պրեզենտացիան: «Որակը մեզ համար պարզապես բառ չէ, դա ապրելակերպ է, մտածելակերպ է, դա մեր սկզբունքն է»,– ասում է Լուսինե Երեմյանը։

Նա նշեց, որ կանգնած լինելով Հայաստանում հյուրընկալության ոլորտի ակունքներում՝ Երեմյան ընկերություների խմբի առաջնային նպատակները շատ հստակ են եղել՝ վերհանել ազգային խոհանոցը, ներկայացնել հայկական մշակույթը, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, դիրքավորել Հայաստանն աշխարհի գաստրոքարտեզին, աջակցել տնտեսության առաջընթացին։ «Այսօր արդեն 20-ամյա պատմությամբ մենք կարող են հստակ նշել, որ մեր առջեւ դրված նպատակներում ունենք գրանցված հաջողություններ։ Եվ դրա մասին է վկայում այն փաստը, որ այսօր երկրում ունենք բավականին զարգացած հյուրընկալության ոլորտ»,- ասաց նա։

Երեմյան ընկերությունների խումբը հյուրընկալության ոլորտում ներկայանում է հայկական, տարածաշրջանային, եվրոպական, իտալական, ճապոնական, բարձր հեղինակային խոհանոցներով, սթեյքհաուսով եւ արագ սննդի ցանցով, ինչպես նաեւ առաքման, քեյթրինգային եւ ճաշարանային նախագծերով։ Այսօր ընկերության ռեստորաններում ներկայացված են 1000-ից ավելի ուտեստներ։ Հյուրընկալության ոլորտում ընկերության բարձրակետը համարվում է Ռենոմե բարձր հեղինակային խոհանոցով ռեստորանը, որը եզակիներից է ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում, քանի որ ներկայացնում է հենց հայկական ազգային խոհանոցը։

Գյուղատնտեսության ոլորտում Երեմյան ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում 2019 թվականից՝ նորարարական «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Սա նշանակում է սերմը սեփական դաշտերում ցանելուց, աճեցնելուց, բարձր սննդային արժեքներով կերը ստանալուց մինչեւ ժամանակակից խելացի ֆերմայում կենդանիների խնամք, կերակրում, փակ շղթայով կիթի իրականացնում, փոխադրում գործարան, էկոլոգիապես մաքուր տարաներում շշալցում եւ առաքում վաճառակետեր։ Այս ամբողջ շղթան իրականացվում եւ վերահսկվում է ընկերության կողմից՝ ապահովելով բարձր ստանդարտներ։ Գյուղատնտեսության ոլորտում ընկերությունը նպատակ ուներ նախեւառաջ ստեղծել հասարակության համար առողջ եւ անվտանգ սնունդ, ձեւավորել առողջ սննդային սովորություններ եւ կաթ խմելու մշակույթ, զարգացնել երկրի գյուղատնտեսությունը, աջակցել համայնքային զարգացմանը եւ, իհարկե, նպաստել պարենային անվտանգությանը։ «Մեր նպատակը կաթանամթերքի արտադրության ոլորտում պարզապես հերթական կաթնամթերքի տեսականի արտադրելը չի եղել, մեր նպատակն է եղել ստեղծել հասարակության եւ մեր ապագա սերնդի համար առողջ եւ անվտանգ սնունդ։ Մեր նպատակն է եղել ձեւավորել առողջ սննդային սովորույթներ, զարգացնել գյուղատնտեսությունը, աջակցել համայնքային զարգացմանը, ինչպես նաեւ այս ամենով նպաստել նաեւ երկրում պարենի անվտանգությանը»,- ասաց Լուսինե Երեմյանը։

2019 թվականից ընկերությունների խումբը գործունեություն է ծավալում նաեւ մասնագիտական կրթության ոլորտում՝ հիմնելով Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության Երեմյան ակադեմիան։ Այս 7 տարիների ընթացքում ակադեմիայում մշակվել է կրթական 4 ուղղություն՝ խոհարարություն, հրուշակագործություն, հյուրանոցային գործ, մենեջմենթ եւ սպասարկում, ստեղծվել է 70-ից ավելի դասընթաց, համագործակցություն է ծավալվել 60-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ։ Ակադեմիան հիմնելով՝ ընկերությունը նպատակ է ունեցել բարձրացնել խոհարարական արվեստում եւ հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթության դերն ու որակը, տրամադրել միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն, նպաստել ընդհանուր ոլորտի զարգացմանը, աջակցել խոհարարական դիվանագիտության կամուրջների ստեղծմանը Հայաստանի եւ այլ երկրների միջեւ։

«Մեր արժեսյուներն են՝ մարդ, որակ եւ նորարարություն։ Երեմյան ընկերությունների խումբը նախեւառաջ մարդկանց մասին է, մարդիկ, ովքեր մեր սպառողներն են, հյուրերը, մեր գործընկերները, ինչպես նաեւ մեր մեծ թիմը»,- ասում է Լուսինե Երեմյանը։ Այսօր ընկերությունն ունի 2600 աշխատակից, ինչպես նաեւ հանդիսանում է հյուրընկալության ոլորտի ամենամեծ գործատուն եւ հարկատուն։

Ընկերությունն ունի 27 բիզնես ուղղություն, 18 ռեստորան՝ 13 հայեցակարգով, 2 գյուղատնտեսական համալիր՝ Վայոց Ձորում եւ Լոռու մարզում։ Վերջինս ամենամեծն է Հայաստանում եւ եզակի տարածաշրջանում իր «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։ Երեմյան կաթնամթերքի ժամանակակից գործարանն արժանացել է FSSC 22000 սննդի անվտանգության միջազգային սերտիֆիկատի եւ մանկական կաթի վկայականի։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Հայաստանի 6 մարզերում եւ Երեւանում։

Երեմյան ընկերությունների խմբի գործունեությունը նաեւ նորարարության մասին է, որը ներդրված է բիզնեսի բոլոր ուղղություններում։ Գյուղատնտեսության ոլորտում դա նշանավորվում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, խելացի եւ ճշգրիտ գյուղատնտեսության վարմամբ, կաթնարտադրության միջազգային ստանդարտներով, նոր տեխնոլոգիաներով եւ ավտամատացմամբ։ «Հյուրընկալության ոլորտում խոսքը սպասարկման համակարգային մոտեցումների, սպասարկման արժեքների նորարարության մասին է, օրինակ, բաց խոհանոց, ժամանցի եւ երաժշտական, պարային բաղադրիչների համադրում, թվայնացում, մատուցման փորձառություն, գաստրոտուրերի իրականացում, նոր մասնագիտությունների ստեղծում»,- ասաց Լուսինե Երեմյանը։

Երեմյան ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին, ասաց, որ ընկերությունը ռեստորանային ոլորտում առաջատար է եւ խոշոր հարկ վճարող։ Նա նշեց՝ երբ 2006-ին սկսում էին իրենց գործունեությունը, Հայաստանում ռեստորանային բիզնեսի մշակույթ չկար, իսկ մարդիկ ռեստորաններ շատ քիչ էին այցելում։ «Այդ ոլորտը հետաքրքրեց ինձ, նաեւ անհանգստացրեց, որովհետեւ մեծ բաց կար։ Տեսնելով խնդիրները եւ հաշվի առելով, թե հայկական խոհանոցն ինչ հարուստ է, նպատակ դրեցի եւ 2006 թվականին ավելի խորացած սկսեցի աշխատել ու ուշադրություն դարձնել ամեն մանրուքի։ Երբ դեռ 2006-ին ես ասում էի, որ ռեստորանային ոլորտը կարող է տնտեսության համար կարեւոր դեր խաղալ, ոչ ոք չէր հավատում։ Երբ ասում էի՝ ոլորտը կարող է խոշոր հարկատու լինել, ինչ-որ տեղ ոմանք քմծիծաղով էին մոտենում։ Դա ինձ ինչ-որ տեղ մոտիվացրել է, որ ավելի առաջ գնամ, քանի որ ունեցել եմ տեսլական։ Շատ կարեւոր եւ հետաքրքիր խոսույթ ունեինք մեր թիմում՝ եթե մեր ռեստորան գալիս են ու գոհ են գնում, նաեւ Հայաստանից են գոհ գնում։ Այդ միտքը մեր թիմում բոլորի մոտ սերմանել ենք եւ չենք շեղվել դրանից»,- ասաց Դավիթ Երեմյանը։

Նա նշում է՝ այսօր արդեն կարող ենք համարել, որ Երեւանն աշխարհի ռեստորանային առաջատար քաղաքների հետ կարող է մրցել, այդ առումով լավ դիրքերում ենք։ Երեմյան ընկերությունների խմբի ռեստորանների գործունեության արդյուքնում Հայաստանում թե գնային քաղաքականությունն է կարգավորվել, թե սպասարկման ոլորտի որակն է բարձրացրել, թե խոհարարական հմտություններն են զարգացել՝ ասում է Դավիթ Երեմյանը։

«Ամեն իրավիճակում մենք մարտահրավերների ենք հանդիպում, շատ տարբեր մարտահրավեր են եղել մեր առաջ, բայց թե մեր թիմը, թե ես այդ մարտահրավերները փորձել ենք պատվով հաղթահարել, ինչը մեզ մոտ ստացվել է եւ ստացվում է»,- նշեց նա։

Երեմյանը բացեց գաղտնիքը, թե ինչու են որոշել գործունեություն ծավալել նաեւ կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Եվ գյուղատնտեսության, եւ կաթնամթերքի արտադրության ոլորտներում, Դավիթ Երեմյանի խոսքով, մեծ բացեր կան, եւ հասկացել են, որ այս շղթայում մեծ անելիքներ կան։ Եվ նպատակ են դրել որակյալ կաթնամթերք մատուցել սպառողին։

«Կաթնամթերքի արտադրության ոլորտում նկատեցինք խնդիրներ եւ գիտակցված մուտք գործեցինք ոլորտ։ 2017 թվականն էր, թիմով հավաքվեցինք, եւ ես խոսեցի մեր ապագա 5 տարիների անելիքների մասին։ Խոսում էինք, որ արագ պետք է ընդլայնվենք, ռեստորանային մի քանի պրոյեկտ պետք է իրականանցենք։ Եվ այդ ժամանակ երկու խնդիր արձանագրեցինք՝ մասնագետների եւ որակյալ մթերքի պակասը։ Մասնագետների պակասը լրացնելու համար հիմնեցինք Երեմյան ակադեմիան։ Նաեւ երկու ֆերմա հիմնեցինք ու փոքրիկ կաթի գործարան, որը միմիայն մեր ռեստորանների կարիքը պետք է բավարարեր։ 2020 թվականին, երբ COVID-ի համավարակը սկսվեց, ռեստորանները փակվեցին, մենք ունեինք շատ կաթ, չգիտեինք՝ այդ կաթը որտեղ օգտագործենք։ Դա էր պատճառը, որ 10-15 օրվա մեջ որոշեցինք ու մուտք գործեցինք կաթնամթերքի շուկա։ Քանի որ ի սկզբանե շատ բարձր որակի պահանջ էինք դրել մեր առջեւ, մեր արտադրանքն ինքնարժեքով շատ թանկ էր, եւ ինձ համար խնդիր էր, թե ոնց ենք մենք դա վաճառելու։ 2020 թվականին, երբ մուտք գործեցինք շուկա, մեր արտադրանքը գրեթե կրկնակի թանկ էր մյուս արտադրողներից, բայց մենք տեսանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մեր արտադրանքը սկսեց սպառվել։ Մենք հասնելու ենք այն նպատակին, որ Հայաստանում կաթնամթերքի արտադրությունը եւ գնային քաղաքականությունը կարգավորվի, եւ մենք ունենանք ենք շատ կազմակերպված գյուղատնտեսություն»,- նշեց Դավիթ Երեմյանը։

Ապագայի ծրագրերին անդրադառնալով՝ Դավիթ Երեմյանն ասում է․ «Շատ մեծ պլաններ ունենք, այն ինչն այսօր անում ենք, մեր պլանավորածի 10-20 տոկոսն է, այսինքն՝ մենք դեռ զարգանալու ու զարգացնելու տեղ ունենք։ Իսկ մեր զարգանալը նաեւ Հայաստանի զարգացման հետ է կապված»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment