«Մի գդալ սեր»․ Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Սեր, հայկական ուտեստներ ու կոլորիտ․ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Մի գդալ սեր» ֆիլմը բարձրացավ մեծ էկրաններ։
Ֆիլմի հիմքում սերն է, սակայն զուգընթաց ներկայացվում է հայկական խոհանոցի կոլորիտը։
«Այս օրվան եկել ենք գրեթե մեկ տարի։ Մեր առաջին նկարահանումը տեղի է ունեցել 2025 թվականի սեպտեմբերի 9-ին։ Շատ ճիշտ ժամանակահատվածում ենք հանձնում ֆիլմը լսարանի դատին»- ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը։
Ֆիլմի սցենարը ստեղծվել է Փոփի Ջ. Անդերսոնի «Կրքոտ խոհանոց» գրքի հիման վրա։ Սցենարի հեղինակները Հրաչ Քեշիշյանն ու Արտակ Ալեքսանյանն են։
Ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը և Ներսես Ավետիսյանը։ Ըստ ռեժիսորի՝ Անի Խաչիկյանի հետ սա իրենց առաջին համատեղ ֆիլմն է, իսկ Ներսեսի հետ աշխատելու մեծ փորձ ունի։
Ըստ Ներսես Ավետիսյանի՝ անկախ խոհարարի կերպարը մարմնավորելու ընթացքում խոհանոցի հանդեպ սեր իր մոտ չառաջացավ, սակայն նկարահանումներին մանրակրկիտ պատրաստվել է։ Ֆիլմում ամեն բան արված է սիրով։ Դերասանուհի Անի Խաչիկյանն անգամ իր տան սպասքն է օգտագործել նկարահանումների համար։ «Իմ տան ջերմությունն էի զգում, ինչը ինձ օգնում էր։ Սա էլ իմ «Մի գդալ սերն» է»,- ասաց նա։