Զոնաբենդը հանդիպել է կառավարության անդամների հետ (PAN.am)

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության շրջանակում հանդիպում է անցկացվել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության՝ ոչ քաղաքական մակարդակի, ինչպես նաև Գերիների ու անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպան, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Սահակյանի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդասիրական բնույթի երկու կարևոր հարց, հայտնում է Factor.am-ը:

«Մեկը՝ Կարմիր խաչի գործունեության դադարի պայմաններում այցելությունների հնարավորությունների ստեղծումը՝ երրորդ երկրի միջոցով Հայաստանի կողմից հյուպատոսական ծառայություններ մատուցելը Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին: Եվ երկրորդը՝ մարդասիրական նախաձեռնությունների իրականացումը:

Եթե այլ մարդասիրական նախաձեռնություններն էլ իրականանան, մենք պատրաստ ենք աջակցել, սակայն այս պահին հանդես ենք եկել կոնկրետ առաջարկով․ տիկին Զոնաբենդը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան և նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հովանու ներքո կարողանալ մուտք գործել այն փակ հաստատություն, որտեղ պահվում են հայերը, և նրանց փոխանցել անձնական իրեր, լուսանկարներ, նամակներ, ապահովել այն իրավունքի իրացումը, որից նրանք տևական ժամանակ զրկված են»,- ասել է իրավապաշտպանը։

Սահակյանն ընդգծել է, որ նման նախաձեռնությունը չի կարող իրականացվել միայն մասնավոր մակարդակով, քանի որ դրա համար անհրաժեշտ են պետական աջակցություն և համապատասխան համաձայնեցումներ։ Խոսքը վերաբերում է մուտքի արտոնագրերի տրամադրմանը, անվտանգության երաշխիքների ապահովմանը և քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու համար անհրաժեշտ իրավական թույլտվություններին։

«Մենք խնդրել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը հստակ դիրքորոշում արտահայտի, թե արդյոք նման նախաձեռնությունը կարող է արժանանալ պետական աջակցության։ Պաշտոնական պատասխան դեռ չունենք, հարցը քննարկման փուլում է, և ակնկալում ենք, որ սեղմ ժամկետներում պետական դիրքորոշում կձևավորվի»,- նշել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի պաշտպանը։

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment