Բաքվի բանտում պահվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական հաղորդակցություն չունեն, պահվում են բացարձակ մեկուսացման մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրանք չեն հանդիպել հարազատներին, հյուպատոսական աշխատակիցներին, անկախ բժիշկներին ու փաստաբաններին, ինչպես նաև ԿԽՄԿ ներկայացուցիչներին, հայտնում է Aysor.am-ը:
«Նրանք պահվում են բացարձակ մեկուսացված պայմաններում։ Իհարկե, նրանց այլ իրավունքներն էլ են խախտվում, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացված են։ Արտաքին աշխարհի միակ շփումը հեռախոսային խոսակցություններն են։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, սակայն այս իրավունքը ևս չի պահպանվում։ Միակ բանը, որը տրամադրված է՝ վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է տարբեր անձանց մոտ»,-ասել է Սահակյանը։
Նրա ներկայացրած տվյալներով՝ երեք դատապարտյալ կարողացել է հեռախոսազանգ ունենալ 40 օրը մեկ անգամ, իսկ մյուսների համար նախատեսվել է շաբաթական մեկ զանգի հնարավորություն։
«Զանգի տևողությունը փոփոխական է, կարող է տևել 2-10 րոպե։ Խնդիրն այն է, որ բոլոր զանգերը վերահսկվող են և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել»,-ասել է նա:
Սահակյանը նաև հայտնել է, որ վերջին ամիսներին հայ գերիներն ընտանիքների անդամների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ ավելի հաճախ են բարձրաձայնել իրենց առողջական խնդիրների մասին։
«Մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում»,-ասել է նա:
Բաքվում Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանն ու Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16 տարվա, իսկ Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվել է առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի է դարձել, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։