Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

04.09.2026 | 14:06

Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ կրոնական խտրականության փաստեր կան։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կրոնական գործոնը նշանակություն ունի, և դրա դրսևորումները տեսանելի են ինչպես Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման, այնպես էլ հայ գերիների նկատմամբ վերաբերմունքի մեջ։

Սահակյանը, մասնավորապես, նշեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ հայ գերիների մարմիններից խոշտանգումների միջոցով հեռացվել են խաչի դաջվածքները։

«Մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել է խաչը»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ արձանագրվել են նաև դեպքեր, երբ հայ բանտարկյալներին որոշ գրքեր տրամադրելու պայմաններում արգելվել է Աստվածաշնչի փոխանցումը, իսկ որոշ դեպքերում նրանց հարկադրել են Ղուրան ընթերցել։ Սահակյանի գնահատմամբ՝ այս փաստերը վկայում են, որ քրիստոնյա լինելը հայերին դարձնում է ավելի խոցելի։

«Միգուցե քրիստոնեական մշակույթ կրող լինելը նաև դժվարացնում է քաղաքակրթական երկխոսությունը Ադրբեջանի հետ»,- նշեց իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment