Թրամփը տարածել է հայ-ադրբեջանական խաղաղությանը նվիրված Ուիթքոֆի հոդվածը (PAN.am)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում հրապարակել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին:

Washington examiner-ում հրապարակված հոդվածում Ուիթքոֆը նշել է, որ երկու պետությունների միջև ձեռք բերված համաձայնությամբ ավարտվել է ավելի քան 35 տարի շարունակված հակամարտությունը։

«Ինձ համար պատիվ էր, որպես նախագահի հատուկ բանագնաց, առաջ մղել նախագահի խաղաղության օրակարգը համաշխարհային հակամարտություններում։ Թրամփը լուծեց մի խնդիր, որը տասնամյակներ շարունակ փակուղու առաջ էր կանգնեցրել դիվանագետներին՝ շեշտը դնելով գործնական արդյունքների, ոչ թե իրականացման գործընթացի վրա։

Հարավային Կովկասն այսօր ավելի անվտանգ և կայուն է, քանի որ Թրամփը, Ալիևը և Փաշինյանը ընտրեցին արդյունքները, ոչ թե հռետորաբանությունը»,- գրել է Ուիթքոֆը։

Հոդվածում անդրադարձ կա նաև TRIPP-ին: Նշվում է, որ ԱՄՆ-ն համագործակցել է Հայաստանի հետ վերջինիս տարածքում «անխափան բազմամոդալ երթուղիներ ստեղծելու համար՝ ամբողջությամբ պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Leave a comment