«Ահազանգը եղել է այն մասին, որ անձն ունի կոտրվածքներ՝ ոչ թե գոյություն ունեցող հիվանդության վատթարացում, այլ ծեծի հետևանքով կոտրվածքի առաջացում»․ Սահակյանը՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին

«Ֆիզիկական շփում արտաքին աշխարհի հետ գոյություն չունի։ Բաքվում պահվող հայ ռազմագերիները չեն տեսնում հարազատներին, տեսնում հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, փաստաբանների, պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում»,- հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունեք Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի, պահման պայմանների մասին, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Ասաց, որ հայ ռազմագերիների այլ իրավունքներն էլ են խախտվում․ «Օրինակ՝ զբոսանքի իրավունքը, նվազագույն երաշխիքներ, որոնք պետք է պահպանվեն ցանկացած փակ հաստատությունում պահվող անձի առնչությամբ, չեն ապահովվում։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցություններն են։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, այս իրավունքը ևս չի պահպանվում։ Եվ դատապարտյալներն ունեն կարճատև և երկարատև այցելությունների իրավունք։ Այս իրավունքը ևս ապահովված չէ։ Միակ բանը, որը տրամադրվում է, դա վերահսկելի հեռախոսային զանգերն են։ Հաճախականությունը տարբեր է։ Կան երեք դատապարտվածներ, որոնք կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ, մնացյալի համար ապահովված է շաբաթական մեկ զանգ հնարավորությունը։ Այդ բոլոր զանգերը վերահսկվող են, կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել։ Օրինակ՝ ինձ հետ՝ փաստաբանի հետ անմիջական զրուցելու հնարավորություն տրված չէ»։

Սիրանուշ Սահակյանն ահազանգեց՝ իրենց տեղեկություններով ինտենսիվացել է առողջական խնդիրների բարձրաձայնումը, հայ ռազմագերիների համար բժշկական օգնություն չի կազմակերպվում։

Փաստմանը՝ ավելի վաղ հայտնել էիք հայ գերիների շրջանում կոտրվածքների մասին, հաջողվե՞լ է որևէ տեղեկություն ճշտվել, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց․ «Այն չափով, որքանով տեղեկությունը կարող էր հրապարակային դառնալ, արդեն իսկ նշել եմ։ Ահազանգը եղել է այն մասին, որ անձն ունի կոտրվածքներ՝ ոչ թե գոյություն ունեցող հիվանդության վատթարացում, այլ ծեծի հետևանքով կոտրվածքի առաջացում։ Ընտանիքի անդամը մեզ ներկայացրել է մանրամասներ, փաստաթղթավորել ենք, այսինքն՝ աղբյուրն ենք որոշակիացրել, մյուս ահազանգերը, որոնք ստացել ենք ընտանիքների կողմից, համակցել ենք և դրա վերաբերյալ տարաբնույթ նամակներ ուղարկել այն կառույցներին, որոնք խնդրի հետ առնչություն ունեն և պարտավոր են միջոցներ ձեռնարկել փակ հաստատություններում խոշտանգումները կանխարգելելու վերաբերյալ»։

Սիրանուշ Սահակյանն ասաց՝ իրենց հայտնի է, թե ով է այդ բռնությունը գործադրել, սակայն անունները հրապարակայնացնել չեն կարող։

Սիրանուշ Սահակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment