«Անգամ սայթաքման պատճառով ստացած վնասվածքի համար վկան աղաչել է, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառեն ամենածանր պատիժը»․ Սիրանուշ Սահակյան

«Ես ամբողջական դատավճիռը մանրակրկիտ ուսումնասիրել եմ՝ անգլերեն թարգմանված տարբերակը, նման դրվագներ չկան։ Աբսուրդն այն է, որ կան վկաներ, որոնք վկայություն են տվել՝ օրինակ՝ լրագրողների են տեղափոխել Քարվաճառ և տեղափոխման ժամանակ ական է պայթել, վնասվածքներ են ստացել, հետաքրքիր է, որ այդ վկաներն աղաչել են դատարանին, որ ամենածանր պատիժը կիրառեն հենց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Սակայն չկա վկայություն, որ վկան տեսել է, թե ինչպես է Ռուբեն Վարդանյանն ականապատում Քարվաճառը կամ հրահանգավորում է»,- հարցին՝ ի՞նչ են ցույց տալիս Ձեր ուսումնասիրություններ, կարո՞ղ ենք ասել, որ չկա գեթ մեկ վկա կամ տուժող, որ կներկայացներ կոնկրետ փաստական տվյալներ, որ Ռուբեն Վարդանյանը կոնկրետ այսինչ օրն իր հանդեպ որևէ հստակ արարք է թույլ տվել, մամուլի ասուլիսի  ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

Նա վստահեցրեց՝ Ռուբեն Վարդանյանի գործով արդեն հրապարակված մեղադրական եզրակացությունում և դատավճռում չկա որևէ փաստ, որ ադրբեջանական կողմը, հասանելիություն ունենալով Ռուբեն Վարդանյանի բոլոր էլեկտրոնային սարքավորումներին առցանց հարթակում, նաև գրասենյակում եղած ողջ փաստաթղթերին, կարողացել է գտնել մի փաստաթուղթ, որտեղ Ռուբեն Վարդանյանը հրահանգել է, մասնակցել է ականապատման որոշման կայացմանը․ «Նման վկաներ չկան։ Վկաները տալիս են ընդհանրական վկայություններ։ Երբեմն դժբախտ պատահարների զոհերի պատասխանատվությունը ևս դրված է Ռուբեն Վարդանյանի վրա։ Ենթադրում եմ, որ համանման մոտեցում որդեգրել են նաև Բաքվում գտնվող մյուս 15 հայ ռազմագերիների գործով։ Օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, երբ մեքենան վնասվածք է ստացել, և դրա մեջ գտնվող ուղևորն ընկել է ու ունեցել վնասվածքներ, այդ վնասվածքի մասին խոսող վկան ևս խնդրել է, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կիրառվի ամենածանր պատիժը։ Այդ դատարանները համարել են, որ եղած ողջ 30 տարվա իրադարձությունների պատասխանատուն պետք է հռչակել հենց Ռուբեն Վարդանյանին»։

Սիրանուշ Սահակյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment