Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ

Հասարակություն

04.09.2026 | 12:55

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ, Կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դավթյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի բռնագանձման պահանջով։ Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության բռնագանձել 14 անշարժ գույք, 8 տրանսպորտային միջոց, 10 ընկերություններում մասնակցություն, ինչպես նաև ընդհանուր շուրջ 229 մլն դրամ։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
  • Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
  • 8 տրանսպորտային միջոց,
  • 10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
  • 105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
  • 124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել»,- ասված է Դատախազության տարածած հաղորդագրությունում։

Leave a comment