Օգոստոսին սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.4%-ով (PAN.am)

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների փոփոխությունների ինդեքսը, ըստ որի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 4.5 տոկոսով։ Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքները թանկացել են 7.3 տոկոսով, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրատեսակները՝ 8.2 տոկոսով, հագուստը՝ 2 տոկոսով, առողջապահությունը՝ 3.8 տոկոսով, տրանսպորտը՝ 2.2 տոկոսով, իսկ կրթությունը՝ 8.3 տոկոսով։

2026-ի օգոստոսին 2025 թվականի օգոստոսի համեմատ հանրապետությունում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գծով արձանագրվել է 6.4 տոկոս գնաճ։ Միևնույն ժամանակ, 2026 թվականի հուլիսի համեմատ գրանցվել է 1.0 տոկոս գնանկում, հայտնում է Panorama.am-ը:

2026 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի գներն աճել են 2.6 տոկոսով, մսինը՝ 10.8 տոկոսով, մինչդեռ ձուկն ու ծովամթերքն էժանացել են 8.9 տոկոսով։

Կաթնամթերքը, պանիրն ու ձուն թանկացել են 11.8 տոկոսով, յուղերն ու ճարպերը՝ 2.3 տոկոսով, միրգը՝ 10.8 տոկոսով։ Շաքարի, մրգախյուսի, մեղրի, օշարակների, շոկոլադի և շաքարային հրուշակեղենի գներն աճել են 4.6 տոկոսով, այլ խմբավորումներում չներառված սննդամթերքինը՝ 4.3 տոկոսով, սուրճինը, թեյինը և կակաոյինը՝ 5.7 տոկոսով։ Օղին թանկացել է 11 տոկոսով, իսկ ծխախոտը՝ 7 տոկոսով։

Դիտարկված ժամանակահատվածում ոսկերչական զարդերի գներն աճել են 25.3 տոկոսով։ Բժիշկների ծառայությունները թանկացել են 9.3 տոկոսով, բժշկական ծառայությունները՝ 6.1 տոկոսով, իսկ տրանսպորտի ապահովագրությունը՝ 14 տոկոսով։

Leave a comment