Պետրոսյան․ Արևային կայանների ոլորտում խախտումների պատճառով ՀԷՑ-ը մոտ 2 մլրդ դրամի վնաս է կրել

Արևային կայանների տեղադրման ու շահագործման ընթացքում առերևույթ խախտումներ են բացահայտվել, որոնք տարիներ շարունակ վնաս են պատճառել ՀԷՑ-ի օրինական շահերին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ նրա՝ նախնական հաշվարկով, ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

«Շուրջ երեք տասնյակ արևային ինքնավար էներգաարտադրողների շրջանում վերջերս ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 16 ինքնավար էներգաարտադրողների մոտ առերևույթ խախտումներ են արձանագրվել, որոնք վկայում են վերջիններիս կողմից օրենքի և սահմանված կարգավորումների համակարգային խախտումների մասին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ 150 կՎ-ից մինչև 500 կՎ սահմանված հզորությամբ ինքնավար էներգաարտադրող հանդիսացող որոշ սպառողների մոտ փաստացի հզորությունները չեն համապատասխանում դրվածքային հզորություններին՝ գերազանցելով թույլատրելի նորման 3-4 անգամ և ավելացնելով գործող ենթակայանների ծանրաբեռնվածությունը:

Այսպիսով, 2022 թվականից ի վեր գործող մի շարք ինքնավար էներգաարտադրողներ խախտել են տեխնիկական կանոնակարգի պահանջները, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզավորման մեխանիզմը՝ բացասական ազդեցություն ունենալով մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա, առաջացնելով բաժանորդների դժգոհությունը և ընկերությանը պատճառելով զգալի վնաս՝ ընդ որում, թե՛ ֆինանսական տեսանկյունից, թե՛ ենթակառուցվածքերի սահմանված կարգով շահագործման ծանրաբեռնվածությունը ավելացնելու հետևանքով»,-ասվում է գրառման մեջ:

Բացահայտված հանգամանքների հիման վրա համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ինչպես նաև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

«Ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփելուց հետո փաստաթղթերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ պատկան մարմինների կամ անձանց կողմից թույլ տված առերևույթ իրավախախտումներին քրեաիրավական գնահատական տալու համար: Հատկանշական է, որ խախտումները վերաբերում են տարիներ շարունակ գոյություն ունեցած համակարգային խնդրի, որի հետևանքով տևական ժամանակ ՀԷՑ-ը կրել է զգալի ֆինանսական կորուստներ, իսկ բաշխման ցանցի բաժանորդները զրկվել են կայուն և որակյալ էլեկտրամատակարարումից:

Նախնական հաշվարկով մի քանի տասնյակ ինքնավար էներգաարտադրողների գործունեության արդյունքում պարզ է դարձել, որ միայն այդ մասով ՀԷՑ-ի օրինական շահերին պատճառված առերևույթ ֆինանսական վնասը կազմում է մոտ 2 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ-ում ներկա պահին ՀԷՑ-ի բաշխման ցանցին միացված է մոտ 59, 000 արևային կայան (1288 ՄՎտ ընդհանուր հզորությամբ), որից մոտ 58,700-ը՝ արևային ինքնավար էներգաարտադրողներն են՝ 750 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, իսկ մնացածը՝ արտադրական նշանակության արևային կայաններն են՝ 539 ՄՎտ ընդհանուր հզորությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ արևային կայանների քանակի նման աճը լրացուցիչ տեխնիկական խնդիրներ է առաջացնում բաշխման ցանցում՝ ծանրաբեռնելով ենթակայանները և այլ ենթակառուցվածքներ, հատկապես այն հատվածներում, որոնք կառուցվել կամ հիմնանորոգվել են դեռևս խորհրդային տարիներին, ինչպես նաև ազդում են ցածր լարման ցանցում ՀԷՑ-ի բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի վրա:

«Հետևաբար մեր երկրում ռազմավարական էներգետիկ նշանակություն ունեցող արևային կայանների անվտանգ և արդյունավետ շահագործման համար ՀԷՑ-ի ենթակառուցվածքների արդիականացումը հրատապ խնդիր է»,- ասվում է գրառման մեջ:

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։ ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո 3 ամսվա ընթացքում բանակցություններ պետք է ընթանային ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, սակայն կողմերը համաձայնության չեն եկել:

Leave a comment