Բելառուսի Պետական ստանդարտի կոմիտեն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը՝ արտադրանքը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող համարելով։
Պետստանդարտի ռեեստրում հրապարակված տեղեկության համաձայն՝ հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի արտադրած ութամյա «Երևան 2800» կոնյակը դասվել է վտանգավոր արտադրանքի շարքին, հայտնում է Aysor.am-ը:
«Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ «դաբաղանյութերի զանգվածային խտություն» ցուցանիշը, որի նորման պետք է լինի առնվազն 0․3 գ/դմ³, կազմել է 0․14 ± 0,01 գ/դմ³։ Դրանից հետևում է, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսակի արտադրանքին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն այն չի կարող նույնականացվել որպես այն արտադրանքը, որի անվամբ ներկայացվում է», – հայտնել են Պետստանդարտից։
Արդյունքում արգելվել են տվյալ ապրանքի վաճառքը, ներմուծումն ու շրջանառությունը, ինչպես նաև կասեցվել է համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողությունը։
Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-ն հունիսի 2-ից սահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողի և այլ կորիզավոր մրգերի ներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծման նկատմամբ։