Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես գրեթե 10 տարի աշխատել եմ Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերությունում, զբաղեցրել եմ խմբագրի պաշտոն, բայց երբեք շփում չեմ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ, առավել ևս չեմ եղել նրա մտերիմների կամ հովանավորյալների շարքում։ Ինքս չեմ ուզել։
Ծառուկյանների ընտանիքից միակ մարդը, ում ճանաչում եմ, տիկին Գրետա Ծառուկյանն է, ում հետ միասին 2011-ին շրջել ենք Արևմտյան Հայաստանում, տեսել և գնահատել եմ այդ տիկնոջ անկեղծ հայրենասիրությունը և մարդկայնությունը։
Հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, որ ծերության հասակում տիկին Գրետան տառապում է իր որդու համար։ Ու մեծ հավատ էլ չունեմ, թե սեպտեմբերի 4-ին դատարանը կալանքից կազատի Գագիկ Ծառուկյանին՝ հաշվի առնելով, թե քաղաքական հալածանքների ինչ մասշտաբի հրահանգ է իջեցված։
Այդ հալածանքին լծված են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ավանդական թիմակիցները և կատարածուները, այլև շատ այնպիսի մարդիկ, որոնք կյանքի ու կարիերայի աստիճաններով բարձրացել են հենց Ծառուկյանի օգնությամբ։
Հիմա Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը խլելու այս անմարդկային արարքներից այնպիսի մարդիկ են հրճվում ու Ծառուկյանին թալանչի անվանում, որոնք թեկուզ մեկ տարի առաջ նույն Ծառուկյանին դիմում էին փողի խնդրանքով ու նրան կոչում էին ազգային բարերար։
Վստահ եմ, որ Ծառուկյանը կազատվի կալանքից ու հետապնդումներից։ Փաշինյանը կհագեցնի իր մոլուցքը և կմոռանա Ծառուկյանի մասին՝ ընտրելով այլ թիրախներ ու այլ փողի աղբյուրներ։
Բայց Գագիկ Ծառուկյանի համար կարող է լավ օրինակ լինել, թե ինչ օձեր է ժամանակին տաքացրել իր մոտ, ու հիմա ովքեր են իրեն քարկոծում։
Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Ծառուկյան ընտանիքին՝ առողջություն և ուժ մաղթելով տիկին Գրետային»։