Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել, տեղեկացնում է 1lurer.am-ը:
Դատախազությունից հայտնել են, որ քրեական վարույթը նախաձեռնվել է դեռ փետրվարի 26-ին։ Միևնույն ժամանակ, չեն հստակեցրել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածի հիմքով է վարույթը նախաձեռնվել և նախաքննությունն իրականացնող մարմինը որն է։
Սեպտեմբերի 3-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձի տպավորություն ստեղծել, թե ինքը կապ ունի վարչապետի ընտանիքի հետ, իշխանության արձագանքը «շատ դաժան» կլինի։
Վարչապետի հայտարարությունից հետո Նարեկ Նալբանդյանը պարզաբանում է ներկայացրել։ Նա նշել է, որ տարբեր ժամանակահատվածներում փորձեր են եղել իր անունն ու բիզնես գործունեությունը կապելու ինչպես Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի, այնպես էլ նախկին իշխանությունների հետ։ Նրա փոխանցմամբ՝ իր բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ առնչություն չունի, իսկ գործունեությունն ուղղված է Հայաստանում ներդրումներ կատարելուն, արտադրությունները զարգացնելուն և նոր աշխատատեղեր ստեղծելուն։