Իրանի պատմության խորությունը մի շփոթեք մանկության բակի չափսերի հետ․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ ֆինանսների նախարարին

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային կոշտ արձագանք է տվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին, ով Իրանի իշխանություններին համեմատել էր «թունավոր օձի հետ, որը շարունակում է շարժվել անգամ գլուխը կտրելուց հետո»։

Ինչպես փոխանցում է Mehr-ը, ավելի վաղ Բեսենթը, պատմելով Հարավային Կարոլինայում անցկացրած իր մանկության մասին, որտեղ բակում թունավոր օձեր էին հայտնվում, հայտարարել էր․ «Մենք թաղում ենք իրանական օձի գլուխը։ Օձը դեռ չգիտի, որ սատկել է, բայց երբ արևը մայր մտնի, այլևս չի գալարվի»։ Այսպես նա բնութագրել էր Իրանի վրա ամերիկյան ճնշման արդյունքները։

Ի պատասխան՝ Բաղային հայտարարել է, որ Բեսենթը «սխալմամբ Իրանի պատմության ու մշակույթի խորությունը շփոթում է մանկության բակի չափսերի հետ»։

«Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Ռաիս Ալի Դելվարիի նահատակության տարելիցն է․ նա բրիտանական իմպերիալիզմի դեմ Իրանի դիմադրության խորհրդանիշն է։ Այս օրով արժե հիշել Սքոթ Բեսենթին՝ մի մարդու, ով Իրանի մասին իր պատկերացումները բացատրելու համար հիշել է Հարավային Կարոլինայի իրենց բակի մանկական հուշերը, թե ինչպես էին թունավոր օձերին սպանում մաչետեով ու փոցխով»,-գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Leave a comment