Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել

Քաղաքականություն

03.09.2026 | 22:13

Բաքվի Սաբունչիի շրջանում՝ Մաշտաղա ավանում, Սավալան բնակելի զանգվածի հարևանությամբ անցնող ստորգետնյա մագիստրալ նավթամուղում լույս սեպտեմբերի 2-ի գիշերը հրդեհ է բռնկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պարզվել է, որ հրդեհի պատճառը նավթի գողության նպատակով խողովակաշարին ապօրինի միջամտությունն է եղել։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հրդեհը մարելուց հետո տարածքի զննության ընթացքում պարզվել է՝ նավթամուղին ապօրինի միջամտելու համար լրացուցիչ սարքավորումներ են տեղադրվել։

Ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են նավթամուղին ապօրինի միջամտելու և նավթ գողանալու փորձի մեջ կասկածվող անձինք՝ 31-ամյա Քյանան Ալիևը և նախկինում դատված 29-ամյա Արազ Յագուբովը։

Պարզվել է, որ հրդեհն առաջացել է հենց այս անձանց կողմից խողովակաշարի աշխատանքին ապօրինի միջամտության հետևանքով։

Դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment