Դոնալդ Թրամփը դարձել է վերջին 100 տարվա ընթացքում ԱՄՆ առաջին գործող նախագահը, որի դիմանկարով ամերիկյան դրամ է թողարկվել։
Ամերիկյան դրամահատարանը Թրամփի պատկերով 1 դոլարանոց հուշադրամ է թողարկել՝ նվիրված երկրի 250-ամյակին։ Նրա պատկերով հուշադրամի վրա փորագրված են «Ազատություն» և «Աստծուն ենք վստահում» արտահայտությունները։ Դրամահատարանը հայտարարել է, որ մետաղադրամները շրջանառության մեջ չեն դրվում, բայց կարող են օգտագործվել որպես օրինական վճարամիջոց։
Դրամահատարանը 25 հուշադրամից բաղկացած հավաքածուն վաճառքի է հանել 61 դոլարով, իսկ 100 հուշադրամ պարունակող տոպրակն արժե 154 դոլար 50 ցենտ։
Հուշադրամները ոսկեգույն տեսք ունեն, սակայն իրականում պատրաստված են համաձուլվածքից։ ԱՄՆ դրամահատարանի տվյալներով՝ դրանք 88.5% պղինձ են, իսկ մնացած մասը՝ ցինկ, մանգան և նիկել։
BBC-ն կապ է հաստատել ԱՄՆ դրամահատարանի, գանձապետարանի և Սպիտակ տան հետ՝ լրացուցիչ մանրամասներ ստանալու համար։ «Մետաղադրամը ստեղծվել է այս պատմական ազգային կարևոր իրադարձությունը նշելու համար՝ սերնդում մեկ անգամ հանդիպող տարեդարձի դիզայնով, որը նախատեսված է դառնալու ժամանակակից հավաքածուների ակնառու լրացում», – ասել է ԱՄՆ դրամահատարանը։
Դաշնային օրենքն արգելում է կենդանի նախագահի պատկերը ԱՄՆ արժույթի վրա, սակայն արգելքը հաղթահարելու համար օգտագործվեց օրենսդրությունում տարեդարձի համար նախատեսված դիզայնի կետը։