Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը

Հայաստանում մեկնարկել է նոր ուսումնական տարին։

Սեպտեմբերի 1-ին դպրոցների բակերը կրկին լցվել են երեխաների ձայներով։ Ոմանց համար այս օրը նոր ուսումնական ճանապարհի սկիզբ է, ոմանց համար՝ տարիներ շարունակ սպասված նոր հնարավորություն։

Արցախում հայկական դպրոցների դռներն արդեն 3 տարի չեն բացվում։ Դրանք այսօր օկուպացված տարածքում են, իսկ կրթական միջավայրը, որտեղ տարիներ շարունակ սովորել են հազարավոր հայ երեխաներ, մեծ մասամբ ոչնչացված, թալանված ու պղծված են։

Տարածաշրջանային վերլուծաբան և հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը ներկայացնում է Արցախի կրթական հաստատությունների այն պատկերը, որը հատկապես սեպտեմբերի 1-ին ավելի ընդգծված է դառնում։ «Արցախում ոչնչացվել, պղծվել, թալանվել կամ փակվել են 223 հայկական դպրոց, 52 մանկապարտեզ, 10 քոլեջ և ուսումնարան, ինչպես նաև 4 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այս դպրոցներում սովորում էր շուրջ 24 հազար աշակերտ, մանկապարտեզներ էին հաճախում ավելի քան 7 հազար նախադպրոցական տարիքի երեխա, քոլեջներում և ուսումնարաններում սովորում էր մոտ 2500 ուսանող, իսկ բուհերում՝ մինչև 5000 ուսանող։ Թվերը մոտավոր են և կարող են որոշ չափով տարբերվել»,- ասում է Ղուլյանը։

Նրա խոսքով՝ Արցախի օկուպացիայից հետո այդ կրթական հաստատությունների մեծ մասը ավերվել է կամ ենթարկվել այլ վերաբերմունքի։ Դրա ամենախոսուն օրինակներից մեկը Մատաղիսի հրետակոծված դպրոցի շենքն է, որի ֆոնին 2022 թվականի մարտին լուսանկարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը։

Ղուլյանի գնահատմամբ՝ այդ լուսանկարը խորհրդանշում է Արցախում տեղի ունեցածի ողջ դաժանությունն ու ցինիզմը։ «Թերևս դժվար է գտնել ավելի դիպուկ լուսանկար, քան 2022 թվականի մարտին արված այս կադրը։ Իրենց իսկ հրետանու հարվածներից ավերված Մատաղիսի դպրոցի շենքը վերածվել է դեկորացիայի՝ իշխող ընտանիքի «մեծությունը» ցուցադրելու համար։ Մի դպրոց, որտեղ պիտի հնչեին երեխաների ձայները, այսօր դարձել է պատերազմի, ավերածության և սեփական անցյալը ջնջելու քաղաքականության լուռ վկան»,- նշում է նա։

Այս լուսանկարը, նաև վկայում է, որ Ադրբեջանն Արցախում թիրախավորել է ոչ միայն ռազմական նշանակության օբյեկտները, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները՝ դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզներն ու այլ հաստատություններ։

Այսօր Հայաստանի դպրոցներում հնչող առաջին զանգի ֆոնին Արցախի դպրոցների լռությունն առավել ընդգծված է։ Հազարավոր երեխաների համար կրթական միջավայրն ընդհատվել է ոչ թե ուսումնական տարվա ավարտով, այլ հայրենիքի բռնի կորստով։ «Սեպտեմբերի 1-ը Արցախում այլևս միայն գիտելիքի ու դպրոցի մասին չէ։ Այն նաև հիշողության, կորսված մանկության և ոչնչացված կրթական միջավայրի մասին է»,- ընդգծում է Ալեն Ղուլյանը։

Leave a comment