Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ պատգարակով դատարան տեղափոխվելու վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութին և դրա շուրջ բարձրացած հանրային աղմուկին։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը կտրուկ արձագանք տվեց՝ տեղի ունեցածն անվանելով «սիմուլյանտություն»՝ շնորհակալություն հայտնելով իրավապահներին։

Անդրադառնալով դատարան տեղափոխելու տեսանյութին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բարձրացած աղմուկն ինքը համարում է խայտառակություն, սակայն լրիվ այլ իմաստով։ Նա վստահություն է հայտնել, որ իրավապահ համակարգը չէր գործի առանց լուրջ հիմնավորումների, և շնորհակալություն է հայտնել գործընթացն ապահոված աշխատակիցներին։

«Ես, ընդհակառակը, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին, սկսած այդ պատգարակը բռնող աշխատակիցներից, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս տեսարանները պետք է նախազգուշացում լինեն բոլոր ներկա և նախկին կոռուպցիոներների համար։ Նա շեշտեց, որ որևէ մեկը չպետք է «պլստա» և թաքնվի «միլիարդանոց սիմուլյանտության» հետևում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի տարբերություն նախկինում ընդունված օրենքների, որոնք թույլ էին տալիս գողացվածի մեծ մասը պահել, այսօր նման հնարավորություն չկա։ Նա նշեց, որ Հայաստանից միլիարդներ գողացողները պետք է կրեն իրենց պատասխանատվությունը և, ի վերջո, ունեզրկվեն։

«Ասել եմ՝ այդ մարդիկ ազատության մեջ հայտնվելուց հետո չգիտեմ ինչքան կնստեն և երբ դուրս կգան… բայց երբ որ իրենք հայտնվեն ազատության մեջ, պետք է ամեն ամսի մեկին, օրը երեք անգամ իրենց քարտը ստուգեն՝ տեսնեն թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև դա պիտի լինի իրենց ապրուստի միակ միջոցը»,-ասաց նա։

Վարչապետը նաև հավելեց, որ նախկին պաշտոնյաների՝ ութ տարի շարունակ ազատության մեջ մնալն ու սեփականությանը տիրապետելը պայմանավորված է եղել նրանով, որ «մաֆիան» դեռևս իր շոշափուկներն ունի պետական կառավարման մարմիններում։ Նա խոստացել է հատ-հատ գտնել և արմատախիլ անել այդ շոշափուկները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment