Եթե առաջ միայն օգնություն էր, ապա այժմ հստակ մեխանիզմներ․ ինչ կտա ԵՄ-ի որոշումը հայկական ապրանքների վերաբերյալ և ինչ կարող ենք առաջարկել. Խաչիկյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայկական ապրանքների 80 տոկոսի ներմուծման համար ազատականացման ԵՄ խորհրդի որոշմանը որպես պատասխան Հայաստանը պետք է կարողանա արտահանման համապատասխան իրավական կարգավորումները արագ իմպլեմենտացնել՝ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սոս Խաչիկյանը։
Հիշեցնենք, որ ԵՄ Խորհուրդն այսօր համաձայնություն է ձեռք բերել հայկական արտադրանքի նկատմամբ առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներ սահմանելու վերաբերյալ՝ Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Այս միջոցները կազատականացնեն դեպի ԵՄ հայկական արտահանման շուրջ 80%-ը։
«Կարծում եմ, որ դրա հրատապությունը իսկապես կա, որովհետև այն երկու տարի ժամկետը, որը սահմանել է Եվրոպական խորհուրդը դա բավական ժամանակ է, որը հնարավոր է օգտագործել ռացիոնալ կերպով՝ թե առնվազն տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով, և թե՛ առնվազն բիզնես-պետություն հարաբերությունները այնպիսի փոխգործակցության վրա դնելու համար, որը հետագայում հնարավորություն կստեղծի, որպեսզի նոր գործընկերների հետ բիզնեսները ինքնուրույն շարունակեն այդ գործընթացը»,-ասա Խաչիկյանը:
Ըստ տնտեսագետի՝ 80 տոկոսի ազատականացումը բավականին մեծ ծավալ է և այստեղ Կառավարությունից բավականին մեծ աշխատանք է ակնկալվում՝ հատկապես բիզնեսների հետ անհատապես աշխատելու շրջանակում, քանի որ բիզնեսները կարող են տեղյակ չլինեն կարգավորումներից և համապատասխան մեխանիզմները չկարողանան կիրառել:
Անդրադառնալով հարցին, թե ինչ է նշանակում ԵՄ խորհրդի որոշման մեջ նշված ԵՄ շուկայի համար պաշտպանական միջոցների ներդրումը, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա, Խաչիկյանը ասաց. «Սա կարևոր դրույթ է և կապված է այն հանգամանքի հետ, որպեսզի Հայաստանը չդառնա տարանցիկ ուղի այլ երկրներից դեպի ԵՄ ապրանքներ մատակարարելու տեսանկյունից և չշրջանցվեն որոշակի կարգավորումներ, այսինքն արտահանման ազատականության որոշումը վերաբերվում է հայկական ծագման ապրանքներին: Եթե որևէ օտար ապրանք ներկրվի ԵՄ ու չնշվի, որ դա հայկական ծագման չէ բնականաբար դրա մուտքը դեպի ԵՄ խնդրահարույց կլինի մեզ համար: Այս միջոցով պաշտպանվում է ԵՄ արտադրողների շահերը»:
Միևնույն ժամանակ տնտեսագետը նշեց, որ իր գնահատմամբ՝ ԵՄ խորհուրդի նոր որոշումը ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների մակարդակի բարձրացման երկրորդ փուլն է, որը հաջորդում է մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի սահմանափակումներից հետո որպես օժանդակություն ԵՄ-ի ընձեռած հնարավորություններին:
«ԵՄ խորհրդի այս նոր որոշումով արդեն ինստիտուցիոնալիզացվում է հայկական արտահանումը դեպի ԵՄ շուկա: Եթե առաջ միայն օգնություն էր, ապա այժմ հստակ մեխանիզմներ են ներդրվում, որովհետև հիմա վկայակոչվում է CEPA-ն, մարդու իրավունքները, այսինքն համալիր փաստաթուղթ է դառնում։ Կարծում եմ այս համատեքստում ԵՄ-ում նաև հաշվի են առել նաև այն ուղերձները, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարության անվանումը և դարձել Արտաքին գործերի ու առևտրի նախարարություն: Այսինքն այստեղ արտաքին առևտուրն այլևս զբաղեցնում է կարևոր տեղ: Չնայած, որ ի սկզբանե փոքր բաց տնտեսություն էր, բայց դրանով հանդերձ էլ ավելի է բացվում»,-ասաց նա:
Խաչիկյանի գնահատմամբ՝ ներկա փուլում ռուսական սպառնալիք չի կրաող լինել, քանի որ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ պատրաստ են գյուղմթերքի արտահանման շրջանակներում փոխգործակցել Հայաստանի գործընկերների հետ:
«Հռետորաբանության շրջանակներում նկատվել է մեղմ մոտեցումներ նույնիսկ երկաթուղու հարցում, որ Մոսկվայում բաց են դա քննարկելու համար: Այսինքն Հայաստանը մինչ այժմ ենթարկվելով արտհանման որոշակի սահմանափակումների կարծես թե ցույց տվեց, որ դրա տեղը այլևս չկա, այսինքն մայիսից կիրառվող այդ գործողությունները բացասական չանդրադարձան մեր վրա: Սա նշանակում է, որ հաջորդ գործողությունները բնականաբար երկխոսության ավելի մեծ շրջանակ ստեղծելով է փորձ կատարվում իրականացնել: Եվ ռուսական, և եվրոպական կողմը հասկանում են, որ արտաքին տնտեսական քաղաքականության շրջանակներում Հայաստանն այլևս բաց է գործընկերների համար: Կարծում եմ սա կարող է դրական ազդակներ ունենալ նաև Ռուսաստանի տնտեսության համար»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության ընդլայնումը չի նշանակում, որ հայկական կողմը ռուսական շուկան փոխում է եվրոպականով, այլ ընդհակառակը ամրապնդում է մյուս բաղադրիչները և փորձում իսկապես դիվերսիֆիկացնել տնտեսությունը:
«Պետք է կարողանանք ունենալ ոչ թե մեկ ազդեցությունից ու մեկ կետից կախված երկիր, այլ ունենալ ճկուն և դիվերսիֆիկացված տնտեսություն: Բացասական ազդակները կարող են ավելանալ Ռուսաստանից, կամ որևէ այլ կողմից, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դիվերսիֆիկացիայի ուղղությունները թուլացնենք»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով ԵՄ-ի նախաձեռնությունը հնարավորություններ է բացում ինչպես արդեն փորձված արտահանող ձեռնարկությունների համար, այնպես էլ նորաբաց ու գործունեությունը նոր ծավալողների համար:
Ըստ տնտեսագետի՝ սա այլընտրանքի հնարավորություն է բիզնեսների համար, ինչը հստակ կողմնորոշման հնարավորություններ է տալիս՝ հարմարվել ԵԱՏՄ ընթացակարգերին, թե ԵՄ ընթացակարգերին:
Անդրադառնալով հարցին, թե ինչ ապրանքատեսակներ կարող է ՀՀ-ն առաջարկել ԵՄ-ին Խաչիկյանը նշեց. «Ցանկը իհարկե գյուղատնտեսությանն է վերաբերվում, բայց 80 տոկոսի արտոնություն են տալիս սա նշանակում է, որ ավելի լայն հնարավորություն է: Այսինքն կարող է նաև վերամշակված գյուղատնտեսական ապրանք, ինչը նշանակում է, որ ոչ միայն պտուղ-բանջարեղենի տեսքով արտահանման հնարավորություն կա, այլ հավելյալ արժեք ստեղծելուց հետ արտահանման հնարավորություն կա, որովհետև ցանկացած վերամշակումից հետո կարող են հավելյալ արժեքներ ստեղծել»:
Ըստ բանախոսի՝ հայկական ապրանքների արտահանումը չնայած մայիս-հունիսին հնարավոր եղավ կազմակերպել, սակայն դրանք այնքան էլ մեծ ծավալներ չունեցան, և սա ոչ թե այն պատճառով, որ ապրանքները չէին համապատասխանում ստանդարտներին, այլ պարզապես արտահանման համար առկա էին լոգիստիկ ծախսեր, նոր ճանապարհներ փնտրելու խնդիրներ, նոր մաքսային գործընթացներ, ինչը նշանակում է, որ բիզնեսին ժամանակ էր պետք:
«Երբ, որ այսպիսի պայմաններում ու կարճ ժամանակահատվածում արտահանվել են նշանակում է դրա ներուժը բավականին մեծ կլինի, երբ որ գործընթացը ինստիտուցիոնալիզացվի և համապատասխան մեխանիզմներ ստեղծվեն արտհանման ավելի լայն ապրանքատեսակներ, ավելի մեծ ծավալներ ու երկրներ ընդգրկելու առումով»,-ասաց Խաչիկյանը:
Նրա խոսքով գյուղատնտեսության մեջ որպես այցեքարտ դժվար է ասել, թե ինչը կարող է դառնալ, սակայն ԵՄ-ում բավականին լավ հնչեղություն ունի հայկական ծիրանը, բանջարեղենի մեջ էլ կան տեսականիներ, որոնք իսկապես հետաքրիքր կարող են լինել, բայց այստեղ այլ մասնագիտական մոտեցում է պետք:
«Ինչ վերաբերվում է հանքանյութերի արտահանմանը, ապա այս ուղղություն ԵՄ-ն միշտ է եղել կարևոր ուղղություն Հայաստանի համար, այստեղ ԵԱՏՄ-ն այնքան էլ մեծ կապ չունի: ԵՄ-ին կարող է հետաքրքիր լինել նաև սպասարկման ու ծառայությունների մատուցման ոլորտը»,-ասաց Խաչիկյանը: