Երևանը մտադրություն չունի չեղարկելու «ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հիմա որևէ մեկն ասո՞ւմ է՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի»։ Կա՞ տենց հայտարարություն, իսկ կա՞ր տենց հայտարարություն օրենքն ընդունելուց առաջ։ Այո՛, կար, ոչ միայն հայտարարություն, այլև ըմբռնում։ Հետևաբար էդ օրենքը լավ ա։ Էդ օրենքի ընդունումով և՛ Հայաստանի տեսադաշտն է բացվել, և՛ Հայաստանի ընկալման տեսադաշտն է բացվել աշխարհում»,- ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արտաքին քաղաքականության ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունի, որոնք, նրա համոզմամբ, առանց այդ օրենքի չէին լինի։
«Ու մենք տենց խեղճացած կամ ներվայնացած կշարունակեինք հետևել հայտարարություններին այն մասին, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու»,- ասել է նա:
Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Պուտինն ասել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը, սակայն դա դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։