Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում Սահմանադրության փոփոխության հարց չենք քննարկել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բիշքեկում կայացած հանդիպման ընթացքում չեն քննարկել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Ադրբեջանի նախագահի հետ քննարկել ենք մեր օրակարգի բոլոր հարցերը։ Սահմանադրությունը մեր օրակարգի մեջ չի մտնում, ընդհակառակը` մենք արձանագրում ենք՝ արտաքին գործընկերների և այլ երկրների հետ մեր Սահմանադրության օրակարգն ու հարցը չենք քննարկում»,- հայտարարել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Վարչապետը հավելել է, որ Երևանի ցանկությունն ու ուղերձն այն է, որ այլ երկրները չվերցնեն ընդդիմության խոսույթը և իրենք նույնպես չօգտագործեն այն, քանի որ նման մոտեցումը չի բխում գործընկերային տրամաբանությունից։ Փաշինյանն ընդգծել է, որ Սահմանադրության հարցը բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է։

Փաշինյանն ու Ալիևը Բիշքեկում հանդիպել են օգոստոսի 31-ին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը համաձայնել են երկկողմ անմիջական շփումների միջոցով շարունակել տևական խաղաղության ամրապնդմանը, միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու կապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Leave a comment