Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում

Քաղաքականություն

03.09.2026 | 13:55

Ռուսաստանը որևէ մեկին Հայաստանի երկաթուղու կառավարման իր կոնցեսիան փոխանցելու պատճառներ չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Պետք է նայել։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը Հայաստանում գործում է համաձայնագրի պայմաններին համապատասխան։ Մենք թարմացրել ենք երկաթուղային պարկը, այդ թվում՝ 2020-2021 թվականներին նորացվել են մարդատար վագոնները։ Ընկերությունը շահույթ է ապահովում։ Հետևաբար, մենք կոնցեսիան փոխանցելու պատճառ չենք տեսնում։ Ընկերությունը պատրաստ է մասնակցել երկաթուղիների զարգացմանը», – լրագրողներին հայտարարել է Օվերչուկը՝ Արևելյան տնտեսական համաժողովի  շրջանակներում։

Նա հիշեցրել է, որ հունվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել աջակցել Հայաստանին՝ այն չկառուցված հատվածների շինարարության հարցում, որոնք Հայաստանի երկաթուղին կապում են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

«Կարող է ձևավորվել շատ լավ փոխկապակցվածություն, և մենք պատրաստ ենք դա անել Հայաստանի կառավարության հետ համատեղ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Օվերչուկը հայտարարել էր՝ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի փոխանցման հարցը, պաշտոնական որևէ հարցում չի եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment