ԵԽ Միջազգային առևտրի կոմիտեն կողմ է քվեարկել Հայաստանին արտոնություններ տալու նախագծին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի կոմիտեի (INTA) պատգամավորները աջակցեցին Հայաստանի համար մաքսային արտոնությունների ժամանակավոր կիրառման մասին առաջարկին։ Այս մասին նշված է Եվրոպական խորհրարդանի պաշտոնական կայքում։

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի կոմիտեն հավանություն է տվել Հանձնաժողովի առաջարկին՝ առանց փոփոխությունների, 35 կողմ, 2 դեմ ձայնով և 3 ձեռնպահ քվեով։

Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում և Եվրոպական խորհրդի կողմից հաստատվելու դեպքում առաջարկը նախատեսում է վերացնել հայկական ապրանքների լայն շրջանակի նկատմամբ կիրառվող ԵՄ մաքսատուրքերը, ինչպես նաև սահմանել ութ գյուղատնտեսական ապրանքատեսակների անմաքս քվոտաներ, այդ թվում՝ խաղողի, ծիրանի, բալի, դեղձի և վարունգի համար։

Միջոցները կկիրառվեն երկու տարի ժամկետով։

Առաջարկը ներառում է նաև պաշտպանական միջոցներ՝ ԵՄ շուկան պաշտպանելու նպատակով, եթե ներմուծումը բացասաբար անդրադառնա ԵՄ արտադրողների վրա։

Հաջորդ քայլերը

Եվրոպական խորհրդարանը նախատեսում է առաջարկի վերաբերյալ քվեարկել լիագումար նիստում՝ սեպտեմբերին Ստրասբուրգում կայանալիք նստաշրջանի ընթացքում։

Դրանից հետո Եվրոպական միության Խորհուրդը պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանի առաջին ընթերցմամբ ընդունված դիրքորոշումը, որից հետո կարգավորումը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության Պաշտոնական տեղեկագրում հրապարակմանը հաջորդող օրը։

Leave a comment