ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին

Քաղաքականություն

03.09.2026 | 13:24

Եվրոպական խորհրդարանի Միջազգային առևտրի հանձնաժողովը (INTA) 35 կողմ, 2 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանից Եվրոպական Միություն արտահանվող ապրանքների համար առևտրային արտոնությունների և մաքսատուրքերի ժամանակավոր ազատականացման նախագիծը։ Այս մասին հայտնում է Factor TV-ի թղթակիցը Բրյուսելից։

Օրինագծի ընդունումը շատ արագ տևեց՝ ընդամենը երեք րոպե, քանի որ այսօր նախատեսված էր միայն քվեարկությունը։ Քննարկումը տեղի էր ունեցել հուլիսի կեսերին, որից հետո սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 30-ը,  փոփոխություններ ու լրացումներ չէին առաջարկվել։

«Այս ինքնավար առևտրային միջոցառումները (AТМ), որոնք Եվրոպական հանձնաժողովի կողմից ընդունվել են հուլիսի 2-ին, կարևոր են Հայաստանի տնտեսական իրավիճակի համար և կազատականացնեն դեպի Եվրոպական Միություն հայկական արտահանման մոտ 80%-ը»,- քվեարկությունից առաջ հիշեցրեց Միջազգային առևտրի հանձնաժողովի նախագահ Բերնդ Լանգեն (Bernd Lange)։

Նրա խոսքով՝  օրենսդրական փաթեթն ընդունվում է պարզեցված ընթացակարգով (Կանոնակարգի 52-րդ հոդվածի 2-րդ մաս), ինչը հնարավորություն է տվել խուսափել երկարատև քննարկումներից և ապահովել արագ որոշման ընդունում:

Գյուղատնտեսության հանձնաժողովը (AGRI) ևս տվել է իր դրական եզրակացությունը՝  արագացնելով հնարավորությունը, որ նախագիծը հայտնվի Եվրոպական խոհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի օրակարգում։

Եվրամիության Խորհուրդը՝ անդամ երկրների դեսպանների մակարդակով, երեկ ևս հավանություն է տվել նախագծին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

Leave a comment