Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարանը»։ Գործարքի մասին տեղեկությունը հրապարակվել է նրան պատկանող «Eighty Eight» հյուրանոցային համալիրի ֆեյսբուքյան էջում։
«Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։ Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր»,– նշված է հայտարարությունում։
Ձեռնարկությունը համարվում է Հայաստանում գործող ցեմենտի երկու խոշոր գործարաններից մեկը։ Վերջին 20 տարվա ընթացքում այն մի քանի անգամ սեփականատեր է փոխել, գրում է Sputnik Արմենիան:
2001 թվականին գործարանը սեփականաշնորհել է «Միկա Արմենիա» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը՝ այն վերանվանելով «Միկա–Ցեմենտ» ՓԲԸ։ 2016 թվականին կուտակված պարտքերի հետևանքով ձեռնարկությունը փոխանցվել է ՎՏԲ-Հայաստան բանկին, որը դարձել է գործարանի լիիրավ սեփականատերը։ 2017 թվականի վերջին այն ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ընկերությունը, իսկ 2022 թվականին սկսվել է ձեռնարկության սնանկության գործընթացը։
Գործարար Նարեկ Նալբանդյանին են պատկանում «Նալբանդյան» օղիները, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը և Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող նախկին առանձնատունը։ Նրա ակտիվների թվում են նաև Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մի մասը, Նոր Հաճնի «Շողակն» ադամանդի գործարանը, «Շիրակ» թռչնաֆաբրիկան, Մասիս և Արտաշատ քաղաքներում գործող ալրաղացները, ինչպես նաև տրանսպորտային ընկերություններ։
Նալբանդյանին են պատկանում նաև անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ զբաղվող «Նալբանդյան ալյուր» ընկերությունը, «Գյումրի հավկիթ» և «Նոր Լուսակերտ հավկիթ» ընկերությունները, «Ծիրան», «Օազիս» և «Էյթի Էյթ» (88) սուպերմարկետների ցանցերը։ Նրա բիզնես ակտիվների թվում են ավելի քան 200 բեռնափոխադրող մեքենայից բաղկացած ավտոպարկը, «AquaYan» խմելու ջրի գործարանը և այլ ձեռնարկություններ։
Նշվում է, որ մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում Նարեկ Նալբանդյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև սերտ կապերի վերաբերյալ։