Իրանը չի կարող սահմանափակել լցանավերի անցումը Հորմուզով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Իրանը գործնականում հնարավորություն չունի սահմանափակելու նավթատար լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով։

Սպիտակ տանը սեպտեմբերի 2-ին ունեցած ելույթի ժամանակ ամերիկացի առաջնորդը հայտարարել է․ «Մենք հիմա վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, և դրանով ամեն օր ու ամեն գիշեր բազմաթիվ նավեր են անցնում։ Շատ-շատ նավեր՝ բեռնված նավթով»։

Խոսելով Իրանի մասին՝ Թրամփը հավելել է․ «Չեմ ուզում չափազանց համարձակ և չափազանց անխոհեմ խոսել, բայց առայժմ նրանք գործնականում ոչինչ չեն արել, որպեսզի կարողանան դրան խանգարել։ Եվ մենք կփորձենք, որ այդպես էլ մնա»։

Թրամփը նաև պնդել է, որ Իրանը գտնվում է տնտեսական փլուզման շեմին։ «Նրանց գործերը շատ վատ են ընթանում, այնպես որ դա միայն ժամանակի հարց է»,- ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ին Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումների ծավալը գերազանցել է 17 մլն բարելը։

Leave a comment