Եվրամիության բնակիչները այս տարվա սկզբին սկսել են ավելի քիչ ծախսել սննդամթերքի և ալկոհոլի վրա․ հունվարին յուրաքանչյուր կատեգորիայի մասնաբաժինը սպառողական ծախսերի ընդհանուր կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.18 տոկոսային կետով:
«2026 թվականի հունվարին ԵՄ տնային տնտեսությունների ընդհանուր սպառողական ծախսերի գրեթե կեսը՝ 46%-ը բաժին է ընկել երեք կատեգորիաների՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ, բնակարան, ջուր և էլեկտրաէներգիա, ինչպես նաև տրանսպորտ։ Այս կատեգորիաներից յուրաքանչյուրում վերջին տարիներից առնվազն մեկի ընթացքում արձանագրվել է գների զգալի աճ, ինչն ընդգծում է դրանց նշանակությունը դիտարկվող ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր բարձրացման գործում»:
Սննդամթերքին բաժին է ընկել ընդհանուր սպառողական ծախսերի 16.28%-ը, իսկ ալկոհոլային խմիչքներին՝ 4.03%-ը։ Երկու կատեգորիաների մասնաբաժինն էլ 2025 թվականի հունվարի համեմատ նվազել է 0.18 տոկոսային կետով։ Միաժամանակ, ընդհանուր ծախսերի կառուցվածքում բնակարանի և հարակից ծառայությունների մասնաբաժինը նվազել է 0.1 տոկոսային կետով՝ հասնելով 14.87%-ի, իսկ տրանսպորտինը՝ 0.4 տոկոսային կետով՝ մինչև 14.74%։
Եվրոպացիների ընդհանուր ծախսերի կառուցվածքում ամենափոքր մասնաբաժինն ունեն կրթությունը՝ 1.2% (+0.1 տոկոսային կետ), ինչպես նաև ապահովագրական և ֆինանսական ծառայությունները՝ 3.01%։ Վերջինիս մասնաբաժինը տարվա ընթացքում գրեթե չի փոխվել՝ աճը կազմել է 0.1 տոկոսային կետից պակաս։