«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոր՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նկատմամբ հարուցված քրեական գործն աշխարհաքաղաքական բնույթ ունեցող գործընթաց է որակել։
«Փաշինյանը դեռ պետք է զիջումների գնա Ադրբեջանին, Թուրքիային։ Հնարավոր է՝ հորս կալանավորելով՝ նա նաև փորձում է այդպիսով դուր գալ Ալիևին»,- հայտարարել է պատգամավորը, հայտնում է Auroranews.am-ը:
«Քրեական գործ, որպես այդպիսին, չկա, իրավական գործընթաց չկա. սա ուղղակի աբսուրդի հավաքածու է։ Չկան որևէ ապացույցներ, ամեն ինչ կառուցված է ինչ-որ ենթադրությունների վրա»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Լևոն Քոչարյանը պնդել է, որ իշխանությունները փորձեւմ են ճնշման ենթարկել հնարավոր դիմադրության կենտրոնները և «մաքրել քաղաքական դաշտը»։
Խոսելով Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին՝ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ օգոստոսի 31-ին այցելել և տեսակցել է հորը։ Նրա փոխանցմամբ՝ սրտի հետ կապված վիրահատությունից հետո նախկին նախագահին անհրաժեշտ է առնվազն մեկ ամիս գտնվել բժշկական հսկողության ներքո։
Պատգամավորը տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ փաստաբանները դեռ չեն ստացել առաջին ատյանի դատարանի՝ խափանման միջոցին վերաբերող որոշումը։ Որոշումը ստանալուց հետո պաշտպանական կողմը նախատեսում է այն բողոքարկել։
Օգոստոսի 25-ին մի քանի տասնյակ հասցեներում իրականացված խուզարկություններից հետո ձերբակալվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեդրակ Քոչարյանն ու ևս 4 անձ։ Ավելի ուշ նրանք կալանավորվել են:
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Սեդրակ Քոչարյանին, իր հերթին, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։