Նորածնին ԱԱՊ օղակում՝ պոլիկլինիկայում, այսուհետ կարելի է առցանց գրանցել, հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով մուտք գործել համակարգ, սեղմել «Շարունակել» կոճակը և անցնել նույնականացում։ Դրանից հետո անհրաժեշտ է ընտրել համապատասխան բժշկական հաստատությունն ու բժշկին։
Երեխային առցանց գրանցելու հնարավորություն ունի նաև նրա հայրը, եթե վերջինս գրանցված ամուսնություն ունի երեխայի մոր հետ։ Մոր համար գրանցված ամուսնության առկայությունը պարտադիր պայման չէ:
Նախքան երեխային բժշկական կազմակերպությունում գրանցելը՝ նորածնի ծնունդը պետք է արդեն գրանցված լինի։
Այն դեպքում, երբ նորածնի հաշվառման ու փաստացի բնակության հասցեները չեն համընկնում, ծառայությունից հնարավոր է օգտվել միայն ֆիզիկական այցելությամբ։ Անհրաժեշտ է դիմել երեխայի փաստացի բնակության հասցեի մարզում գործող բժշկական կազմակերպություն։
Բժշկական կազմակերպությունում նորածնի գրանցումն իրականացվում է անմիջապես։ Գրանցումից հետո մի քանի օրվա ընթացքում ընտանեկան բժիշկը պետք է կապ հաստատի ծնողի հետ՝ տնայց կազմակերպելու նպատակով։
Ծառայությունը մշակվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության աջակցությամբ։