«Ռոսատոմի» ղեկավարը կայցելի Երևան (PAN.am)

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը սեպտեմբերի 29-ին կայցելի Երևան։ Նա այդ մասին հայտնել է SputnikLive–ի եթերում, գրում է Sputnik Արմենիան:

Այցի վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում։ Երկու երկրների առաջնորդները հանգամանալից քննարկել են նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Լիխաչովը նշել է, որ Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորներ տեղակայելու ծրագրերը կարող են վերանայվել՝ նախապատվությունը տալով գիգավատտ հզորությամբ ռեակտորներին։ Նախատեսվում է այս հարցի շուրջ քննարկում անցկացնել Հայաստանում։

«Հանրապետությունում կարող է աճել կանխատեսվող էներգետիկ դեֆիցիտը՝ կապված տվյալների մշակման կենտրոնների, ԱԻ համակարգերի կիրառման և թվային տնտեսության զարգացման հետ։ Մենք նույնպես տեսնում ենք էներգիայի սպառման լավատեսական կանխատեսում։ Բայց նույնիսկ եթե էներգիայի ավելցուկ լինի, ապա Անդրկովկասում արտահանման համար մեծ տարածք կհայտնվի, և ՌԴ-ն պատրաստ է աջակցել»,– ասել է Լիխաչովը։

Հայկական ԱԷԿ-ն ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդը։ Կայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։ Մեծամորի ատոմակայանը չի տուժել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից, սակայն երկու ամիս անց՝ 1989 թվականի փետրվարին, դրա աշխատանքը դադարեցվել է, իսկ կայանը վերագործարկվել է 1995 թվականին։

Սկզբնական ծրագրով կայանի շահագործման վերջնաժամկետը սահմանված է եղել 2016 թվականը, սակայն «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մասնագետների մասնակցությամբ ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը։ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմ Սերվիսը» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն շրջանակային պայմանագիր են ստորագրել՝ կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար անհրաժեշտ համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

2025 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ բանակցություններ են ընթանում հինգ հնարավոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Իսկ փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվել է «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ–ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ նոր ատոմակայանի կառուցման համար Հայաստանը փնտրում է առավել շահավետ առաջարկ։ Միաժամանակ փետրվարին Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ ամերիկյան կողմը 9 միլիարդ դոլար է ներդնելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում և փոքր մոդուլային ռեակտորներ է մատակարարելու։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը 2026 թվականի փետրվարին հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը սկզբունքային որոշում է ընդունել մոդուլային տիպի նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ կոնկրետ մոդելի և մատակարար երկրի ընտրության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի ընդունվել, իսկ ուսումնասիրությունները շարունակվել են։

Leave a comment