Փետրվարի 16-ից 21-ը Երեւանում կայանալիք բասկետբոլի Եվրասիական լիգա-Երեւանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարին ընդառաջ Արմենպրեսի մամուլի ասուլիսների սրահում Եվրասիական լիգայի եւ Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը մանրամասներ ներկայացրեց մրցաշարից։
Նա նշեց, որ Եվրասիական լիգան ստեղծվել է 2019 թվականին, Մոսկվայում եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանից՝ «Ուրարտուի» մասնակցությամբ մրցաշարեր են անցկացրել, որտեղ «Ուրարտուն» նաեւ հաղթող է դարձել։
«COVID-ից հետո կարծես ընդմիջում էր։ Հիմա քաղաքապետարանի հետ միասին եկանք այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ միջազգային մրցաշար է հարկավոր։ Դրա համար ենք կազմակերպել այս մրցաշարը։ Իսկապես ուժեղ թիմեր են ժամանելու` վրացական «Օրբին», լիբանանյան «Հուպսը», ամերիկյան «Փայլոթը», ղազախական «Բարսին»։ Կմասնակցեն նաեւ հայկական «Հատիս», «Ուրարտու» եւ «Էրեբունի» թիմերը։
Սա իրականում շատ լավ միջոց, հնարավորություն է՝ շփվելու բարձրակարգ թիմերի հետ ու հասկանալու, թե Հայաստանի թիմերի որակն ինչպիսին է։ Մենք հիմա իրար մեջ շատ լուրջ բասկետբոլ ենք խաղում, եւ խաղերն անցնում են բավական լարված պայքարում։ Բայց մեզ պետք է հասկանալ, թե արդյո՞ք մենք դրսում էլ մարտունակ ենք, արդյո՞ք մենք կկարողանանք մրցակցել բարձրակարգ թիմերի հետ։ Նպատակը հատկապես սա է, որովհետեւ, մասնավորապես, «Ուրարտուն» նպատակ ունի այս մրցաշրջանում հանդես գալ եվրոպական գավաթներում։ Եվ այս մրցաշարը կլինի վճռորոշ։ Կխաղանք լավ, կհասկանանք, որ ունենք լավ, մարտունակ թիմ՝ կմասնակցենք Չեմպիոնների լիգային կամ Եվրոգավաթին։ Կհասկանանք, որ մենք թույլ ենք իրականում, Հայաստանի լիգան այնքան էլ ուժեղ չէ՝ այլ որոշում կկայացնենք։ Բայց կարող եմ մեծ հավանականությամբ ասել, որ հայկական պրո լիգան կայացել է եւ այնտեղ այսօր մարտունակ, բարձր կարգի թիմեր են հանդես գալիս»,-ասաց Կարեն Գիլոյանը։
Նա նաեւ տեղեկացրեց, որ ամբողջ մրցաշարն ամբողջովին ֆինանսավորում է Երեւանի քաղաքապետարանը, սակայն Եվրասիական լիգան որոշակի գործառույթներ իրականացնում է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: