Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հերթական անգամ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որից հետո Ռուսաստանն այլեւս չէր կարող ոչինչ անել՝ հո չէ՞ր խառնվի Ադրբեջանի ներքին գործերին։
Ասել, թե Պուտինի խոսքը տրամաբանական չէ, թերեւս չի լինի արդարացի։ Բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր է օրինակ, թե 2022 թվականի հոկտեմբերի 6–ի Պրահայից առաջ ինչ է քննարկվել եւ ինչ պայմանավորվածությունների շրջանակում է ստորագրվել 2022 թվականի փետրվարի 22–ի մոսկովյան հռչակագիրը, որը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ դաշնակցային հարաբերության մասին հռչակագիր էր։ Ինչի՞ դիմաց է Իլհամ Ալիեւը Ռուսաստանի ուկրաինական ներխուժումից երկու օր առաջ համաձայնել Վլադիմիր Պուտինի հետ ստորագրել դաշնակցային հռչակագիր։
Ի դեպ, դրանից հետո տեղի ունեցան ռուս խաղաղապահների ներկայությամբ հրադադարի խախտման մի շարք մահաբեր դեպքեր, այդ թվում՝ 2022 թվականի օգոստոսին Փարուխի, Քարագլխի խոշոր միջադեպը։ Իսկ այդ ժամանակ դեռ չէր եղել 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահան։
Սակայն, Ռուսաստանի հետ կապված այդ բոլոր հարցերով հանդերձ, որ քարոզչական դաշտում լայնորեն փորձում է խաղարկել պաշտոնական Երեւանը, կա թերեւս աներկբա մի իրողություն. Հայաստանի քաղաքացիները Հայաստանի եւ Արցախի ճակատագրի հետ կապված ցանկացած հարցում պետք է պատասխանատվություն պահանջեն Հայաստանի քաղաքական իշխանությունից, այլ ոչ թե որեւէ այլ երկրից կամ միջազգային կառույցից, լինի դա Պուտինը, Մակրոնը, թե Միշելը։
Նրանց քաղաքականությունը որեւէ պարագայում չպետք է դառնա Հայաստանի քաղաքական իշխանության քաղաքականության որեւէ արդյունավետության արդարացում։ Եթե ստեղծվում է արտաքին որեւէ դերակատարի վարքագծով Հայաստանի իշխանության անարդյունավետության որեւէ դրսեւորում արդարացնելու կամ բացատրելու նախադեպ ու անգամ՝ ավանդույթ, հանրային չափման մշակույթ, ապա դա պետության ու պետականության վերջի սկիզբն է, քաղաքական իշխանությանը այդ հարցում տրվող «ինդուլգենցիա»։ Եվ Պուտինին պաշտոնական Երեւանի «ինդուլգենցիայի» վերածելը նշանակում է Հայաստանը պետությունից վերածել դաշտագլոր բույսի»։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: