Շնողում թուզը հասել է․ գյուղացին չգիտի՝ ինչ անել, արտահանման ճանապարհը փակ է (տեսանյութ)
Այսօր գյուղացու խնդիրը միայն բերք աճեցնելը չէ, այլ՝ այն իրացնելը։ Տարիներ շարունակ նա խնամում է այգին, աշխատում ու սպասում բերքին, բայց բերք ստանալուց հետո հաճախ կանգնում է ամենադժվար հարցի առաջ՝ ո՞ւմ և ինչպե՞ս վաճառել այն։ Շուկաները սահմանափակ են, արտահանման հնարավորությունները՝ դժվար, իսկ եվրոպական չափանիշներին համապատասխանելը շատերի համար դեռևս մեծ մարտահրավեր է։
Աշոտ Ադամյանն իր կյանքի մեծ մասը նվիրել է այս այգուն։ Խնամում է այն երեխայի պես՝ յուրաքանչյուր ծառի պատմությունն ու բնավորությունը գիտի, ինչպես իր ընտանիքի անդամներինը։ Նույնիսկ կատակում է, որ անձնական հարցերով զբաղվելու ժամանակ չունի, այգին պարզապես թույլ չի տալիս։ Բերքից եկամուտ ստնալու համար այգեգործից տարիների աշխատանք, ծախս, համբերություն ու, իհարկե, բնության բարեհաճություն է պահանջվում։
Բայց այդ ամենի վերջնական արդյունքը մեծապես կախված է նաև շուկայից՝ կա՞ արդյոք գնորդ, հնարավո՞ր է իրացնել բերքը, և ամենակարևորը՝ արտահանել։ Այս տարի այդ խնդիրներին ավելացել է Հայաստանի գյուղատնտեսության համար ամենակարևոր շուկաներից մեկի՝ Ռուսաստանի հասանելիության սահմանափակումը։ Նոր իրավիճակը նոր մարտահրավեր է գյուղացու համար։ Կկարողանա՞ արդյոք պետությունը գտնել լուծումներ, նոր շուկաներ ու հնարավորություններ, որպեսզի գյուղացին կրկին կարողանա հանգիստ խնամել իր այգին՝ վստահ լինելով, որ իր աշխատանքի պտուղը վաճառելու ճանապարհ ունի։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լոռի TV